Այսօր Մոսկվայում ևս մեկ լրագրողի են ծեծել: Жуковские вести թերթի լրագրող Անատոլի Ադամչուկը հարձակման է ենթարկվել թերթի խմբագրության բակում, ինչի հետևանքով նա ուղեղի ցնցում է ստացել և դեմքի թեթև վնասվածքներ:
Ադամչուկի խոսքով` երկու անհայտ անձինք հարվածել են իրեն, գետնին են տապալել, մի քանի անգամ գլխին են հարվածել, ինչի հետևանքով նա կորցրել է գիտակցությունը: Գիտակցության գալով` Ադամչուկը հայտնաբերել է, որ անհետացել է խմբագրական նյութերով իր ֆլեշ-քարտը, հաղորդում է Эхо Москвы-ն:
Լրագրողը չի նշել, թե ինչպիսի նյութեր են եղել ֆլեշ-քարտի վրա:
Լրագրող Անատոլի Ադամչուկի վրա հարձակման փաստով գործ է հարուցվել` կողոպուտ իրականացնելու հոդվածով: Հետաքննությունը լրագրողին ծեծի ենթարկելու մի քանի տարբերակ են դիտարկում` ենթադրելով, որ տեղի ունեցածը կապ չունի Ադամչուկի լրագրողական գործունեության հետ:
Ադամչուկը հայտնի է իրավապահ մարմինների կողմից անչափահասներին ձերբակալելու մասին նյութեր պատրաստելու իր գործունեությամբ: Ադամչուկը լուսաբանել էր անչափահաս ակտիվիստների` Խիմկիի անտառների հատման դեմ իրականացրած բողոքի ցույցերը:
Նշենք, որ Молодая гвардия շարժումը անտառի պաշտպանների հետ համագործակցելու մեջ էր մեղադրում «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինին, ում նոյեմբերի 6-ին դաժանորեն ծեծի էին ենթարկել, ինչի հետևանքով նրան հիվանդանոց էին տեղափոխել: Նա մի քանի վիրահատությունների է ենթարկվել:
Ադամչուկի վրա իրականացված հարձակման հետևաքները համեմատաբար թեթև են: Լրագրողն արդեն տանն է: