Վրաստանի տարածքով անցնող գազամուղի հանձնումը Հայաստանին ռազմավարական մեծ սխալ կլինի: Այս մասին «Медианьюс»-ին տված հարցազրույցում ասել է տնտեսական հարցերով վրացի փորձագետ Գեորգի Խուխաշվիլին` մեկնաբանելով REGNUM լրատվական գործակալության այն տեղեկատվությունը, թե Երևանը ցանկություն է հայտնել գնել գազամուղի այդ հատվածը, որով էլ իրականանալու է Հայաստանին ռուսական գազի մատակարարումը:
Խուխաշվիլիի խոսքով` Վրաստանը միջազգային նորմերին համապատասխան Հայաստանին պետք է գազ մատակակարի`օգտագործելով գազամուղի այդ հատվածը` անկախ դրա սեփականատիրոջից: Այնինչ գազամուղի այդ հատվածը Հայաստանին կամ Ռուսաստանին հանձնելով` Վրաստանը որոշակի քաղաքական լծակներ կկորցնի տարածաշրջանում կամ էլ սադրանք իրականացնելու համար առիթ կտա:
«Սա Հայաստանի հետ փոխըմբռնման որոշակի համակարգ է և հիշեցում նրա մասին, որ մեր քաղաքական գործընկերությունը պետք է շարունակվի, իսկ Հայաստանում չպետք է վատ մտքեր առաջանան: Այս փաստը հաշվի առնելով` Ռուսաստանը նույնպես գործելու հնարավորություն չի ունենա, քանի որ Հայաստանին գազի մատակարումը կարևոր է և Ռուսաստանի համար: Հենց այս պատճառով` գազամուղի հանձնումը Հայաստանին կամ Ռուսաստանին ռազմավարական տեսանկյունից անթույլատրելի է»,- նշել է փորձագետը:
Խոսելով Ադրբեջանի կամ որևէ այլ պետության մասին` Խուխաշվիլին նշել է, որ եթե խաղի կանոնները համաձայնեցվեն և խողովակաշարի օգտագործումը իրականացնի Ադրբեջանը` վրացական իշխանությունների հետ համատեղ, ապա ոչ մի վատ բան չի լինի: