Բրիտանական «Պոպուլիս» կազմակերպության սոցոլոգիական հարցումը Հայաստանի քաղաքական դաշտի վերաբերյալ աշխուժություն մտցրեց լրատվամիջոցների շարքերում, կարծում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նշենք, որ համաձայն «Պոպուլիսի» հարցման տվյալների` Հայաստանում ամենից շատ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը Սերժ Սարգսյանն է, իսկ կուսակցությունը` «Բարգավաճ Հայաստանը»:
Ադիբեկյանը նշել է, որ իր գլխավորած «Սոցիոմետր» կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները նույնպես վկայում են Սերժ Սարգսյանի` ամենամեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչ լինելու մասին:
Համաձայն «Սոցիոմետրի» հարցման` Սերժ Սարգսյանին հաջորդում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Եթե հարց ենք տալիս, ո՞վ ա ամենաազդեցիկ քաղաքական գործիչը, երկրորդ տեղում հանդես է գալիս Ծառուկյանը, չորրորդ և հինգերորդ տեղերում հանդես են գալիս Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը», – ասել է Ադիբեկյանը:
Սոցիոլոգը թվարկել է կուսակցություններին հաղթանակի բերող գործոնները` անդամների թվաքանակը, տեղական կառույցների թվաքանակը, կոռույցների աշխատունակությունը միջընտրական շրջանում, ֆինանսական կարողությունները և տվյալ կուսակցությանը պատկանող համայնքների ղեկավարների թիվը:
«915 համայնքներից 675-ի ղեկավարները Հանրապետական կուսակցության անդամներ են, ուրեմն նրանք տեղում վերահսկում են», – ասել է սոցիոլոգը:
Ահարոն Ադիբեկյանի կարծիքով` տեղական ղեկավարները «մարզպետներից ուժեղ են, որովհետև նրանք համայնքում ամենօրյա խնդիրներ են լուծում»:
«Եթե դու վերահսկում ես համայնքապետերի գործունեությունը, դու հիմնականում վերահսկում ես համայնքների ձայնը: Դա ընդհանուր ընտրողների երկու երրորդն է», – հավելել է սոցիոլոգը:
Այլ բան է, ըստ նրա, Երևանը, որը Ադիբեկյանն անվանեց «ինքնուրույն միավոր ընտրական զանգվածում», և այստեղ ձայներ կորզելու ընդդիմությունն ավելի մեծ շանսեր ունի: