ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլի մեկնարկի ազդարարմանը նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են ծրագրի փորձնական փուլի արդյունքները:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, վարչապետ Սարգսյանը նախ ծանոթացել է ներկայացված համակարգիչների հնարավորություններին, այնուհետև ներկա գտնվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների մասնակցությամբ կազմակերպված բաց դասին:
Կարևորելով այս ծրագրի նշանակությունը համակարգիչների տարածման գործում` կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ, որ այսօր մեզ հետ են նաև կրթական համալիրները, որոնք ցուցադրում են, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից դպրոցը, համակարգիչները, որոնցից երեխաները կարողանում են օգտվել, որոնք շատ շուտով փոխարինելու են դասագրքերին, և որոնք որակապես փոխելու են նաև դպրոցներում դասավանդման մեթոդաբանությունը` բարձրացնելով կրթական համակարգի արդյունավետությունը»:
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ արդիականացման գործընթացը պետք է սկսել հենց դպրոցից:
«Եթե կարողանանք դպրոցներում այս խնդիրը մոտակա 2-3 տարիների ընթացքում արմատականորեն լուծել, դա նշանակում է, որ 10-15 տարի հետո կունենանք արդիական, ժամանակակից հասարակություն: Մենք այս տարի կրթության և գիտության նախարարությանը լրացուցիչ 700 մլն դրամ հատկացրեցինք, որպեսզի դպրոցների համար ձեռք բերվեն համակարգիչներ և նպատակ ունենք նաև էապես բարելավելու մեկ աշակերտին բաժին ընկնող համակարգիչների քանակը դպրոցներում»,- ասել է վարչապետը: