Home / Армения / Զոհված զինծառայողի հայրը մեղադրում է ՀՀ գլխավոր դատախազին

Զոհված զինծառայողի հայրը մեղադրում է ՀՀ գլխավոր դատախազին

«2006 թ. տղայիս` Գեղամ Սերգոյանին, ճանապարհել եմ բանակ, պոլիտեխնիկ ինստիտուտը գերազանց ավարտած: Արտաշատի զորամասում 6 ամիս ծառայել ա, դրանից հետո տարել են Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում գտնվող 57 հոգուց բաղկացած «սվյազի» զորամասը: 2007թ. ապրիլի 15-ին եկան ասեցին, որ տղադ ծանր պառկած ա հոսպիտալում: Հետագայում տեսան, որ ոչինչ չեն կարում անեն, տեղափոխեցին Երևանի հոսպիտալ: 15 օր` մինչև մայիսի 1-ի գիշերը` ժամը մեկին` լույս երկուսի առավոտյան, կոմայի մեջ էր, ոչ մի բառ չխոսեց. 15 օր այդպես պառկեց ու մահացավ»: Այսպես է բանակում զոհված իր որդու պատմությունը ներկայացրել ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակից Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Ռոբերտ Միրզոյանը:

Epress.am-ի հետ զրույցում Միրզոյանը նշել է, որ որդու մահվան գործով քրեական գործ է հարուցվել Ասկերանի թիվ մեկ կայազորի կողմից: Քննությունը վարում էր քննիչ Կարեն Աղաբեկյանը, դատախազն էր Հրանտ Պողոսյանը:

«Այնուհետև էդ քննությունը ես տեղափոխեցի Հայաստան` զինդատախազություն: Նախաքննությունն իրենք իրենց հեքիաթի ձևով կատարեցին, Կարեն Աղաբեկյանին փոխարինեց Կարեն Հարությունյանը: Քրեական գործը հարուցված էր ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածով` դիտավորյալ սպանություն և պաշտոնական դիրքի չարաշահում:  Հիմա տեսեք, թե ինչ են ասում. իբրև իմ տղան մտել է հերթապահ մաս, այնտեղ վերակարգ է նշանակված եղել: Լեյտենանտ Գրիգորյանը գնացել ա պոստերը ստուգելու, վերադարձել է և տեսել է, որ իմ տղան առանց գոտի և առանց գլխարկի է, ու սկսել է կարգի հրավիրել` հայհոյել է տղայիս: Տղաս ուզեցել ա գնա իրեն կարգի հրավիրի, էս լեյտենանտը փոշմանելա, դեմ ա տվել պատին պիստալետ մակարովով խփել ա գլխին: էս ա ամբողջ պատմությունը», – ասել է զոհված տղայի հայրը:

Նա նշել է, որ եղել է համապատասխան մարմինների մոտ` Մարդու Իրավունքների պաշտպանի, նախարարների մոտ, երեք անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ:

«Դատավարություն եղավ ու ավարտվեց. 15 տարի տվեցին լեյտենանտ Գրիգորյանին, բայց ես պահանջեցի ցմահ բանտարկություն, Վերաքննիչ դատարանը մերժեց, դիմեցի Վճռաբեկ դատարան, որն ընդհանրապես վարույթ չընդունեց: Հիմա դիմել եմ Եվրոդատարան: 9 միլիմետր տրամաչափի Մակարով տեսակի ատրճանակով են սպանել իմ տղային, բայց փորձաքննությունը ցույց է տվել, որ անցքը եղել ա 0,5 տասնորդական: Անցքը ավելի մեծ պիտի լիներ: Ես դա ասում եմ, որովհետև ես քրեական հետախուզության ավագ օպերլիազոր եմ եղել, հիմա անցել եմ թոշակի:

Էդ փաստերը տվել ա Լեռնային Ղարաբաղի հոսպիտալը, որ եղել ա աջ ծնոտի ճյուղային կոտրվածք: Բազմաթիվ տեղեկանքներում դա գրված ա: Բայց դատարանում դա մերժեցին. ես երեք տարի քարը չէի քաշում, որ արտաշիրիմում անեին, և տեսնեին, որ կոտրվածք կա, Երևանում դատաբժշկական փորձաքննությունը ծնոտի կոտրվածքը թաքցրել էր, հետո հրավիրել էին Ղարաբաղի բժշկին, որն ասել է, որ շփոթմունքի արդյունքում են գրել կոտրվածք: Սակայն ես կարողացել էի ռենտգեն լուսանկարներից մեկը իչն-որ տեղից հայթայթել, ես տարել էի երեք տարբեր ռենտգենոլոգների մոտ և նրանք ասացին այն, ինչ գրել էին ի սկզբանե: Նրանք կոծկել են այս ամենը, որովհետև հանցագործությունն էնպես չի եղել, ոնց որ ներկայացնում են. խմբակային հանցագործություն ա եղել, շատ են եղել, բայց նրանք կալանավորել են մի անձի, բայց պետք է շատ-շատ մարդիկ քրեական պատասխանատվության ենթարկվեին: Կոծկում էին, որ միայն մեկը պատժվեր, և ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ պատասխանատվության չենթարկվեին: Թելադրությունը կատարել ա Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ դատախազը: Սրա մասին տեղյակ ա նախագահ Սերժ Սարգսյանը, բայց ասում ա` դատ կա, դատաստան կա: Է՞ս ա իրա դատն ու դատաստանը: Էս ամեն ինչի մեղավորը Աղվան Հովսեփյանն ա, նրա հրամանով ա կոծկվել ամեն ինչ: Իմ պահանջն էն ա, որ Գլխավոր դատախազին հեռացնեն ու նրա վրա քրեական գործ հարուցեն, նոր նախաքննություն նշանակեն: Բոլոր մեղավորները պետք ա պատժվեն և ոչ թե մեկը», – ասել է Ռոբերտ Միրզոյանը: