Home / Հայաստան / Հայաստանն իրավունք չունի Ղարաբաղի հարցում մեղադրել միջազգային հանրությանը. Հովհաննիսյան

Հայաստանն իրավունք չունի Ղարաբաղի հարցում մեղադրել միջազգային հանրությանը. Հովհաննիսյան

Ղարաբաղի անկախության հարցում ձեռնպահ մնալը կամ քվեարկությանը չմասնակցելը համարժեք է Հայոց Ցեղասպանության հարցում քվեարկությանը չմասնակցելուն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` շնորհակալություն հայտնելով Դաշնակցությանն ու Տիգրան Թորոսյանին, որոնք, «հաղթահարելով, միգուցե, սեփական վերապահումները ժամանակի ընտրության կամ այլ մանրամասների վերաբերյալ, ունեցան այդ քաղաքացիական խիղճը կողմ քվեարկելու»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովում երեկ չընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը, քանի որ պատգամավորների մեծամասնությունը հրաժարվեց սատարել այն: Օրինագծին կողմ քվեարկեցին միայն «Ժառանգության» և «Դաշնակցության» 13 ներկայացուցիչներ: Կոալիցիոն քաղաքական ուժերը չմասնակցեցին քվեարկությանը:

Հովհաննիսյանի խոսքով` միչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 20-ամյակը դեռ ժամանակ կա, և ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը պետք է հասնի իր ավարտին մինչ դրա լրանալը. «Ոչ թե պատերազմի սպառնալիքի ներքո, ոչ թե վերջին վայրկյանին, երբ որ Արցախը ֆիզիկական վտանգի տակ է, այլ իրավական հիմքերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ճանաչման արարքի միջոցով»:

Բանակցային գործընթացն արդեն կանխորոշված է, ասել է Հովհաննիսյանը, քանի որ Ադրբեջանը «բոլոր ժամանակների, բոլոր հանգամանքների համար որոշել է չճանաչել ԼՂՀ-ն»: «Մենք այդ համաչափությունը պետք է վերականգնենք, ադրբեջանական չճանաչմանը պետք է հակադրվի Հայաստանի ճանաչմամբ»:

«Լեռնային Ղարաբաղի իշխանություններն այսօր արդեն պետք է հստակեցնեն, թե ԼՂՀ զույգ հանրաքվեի հետքերով ինչ է Ղարաբաղի ուզածը Հայաստանի Հանրապետությունից կամ միջազգային հանրությունից», – նշել է Հովհաննիսյանը: Նրա խոսքով` երեկ կայացած քվեարկությունից հետո ոչ-ոք չի կարող մեղադրել միջազգային հանրությանը, որ նրանք չեն դիտարկում Ղարաբաղի պետականության հարցը: