Դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգություններով զբաղվող իրավապահ մարմինները մտադիր չեն որոնել ակցիայի կազմակերպիչներին, քանի որ հարուցված քրեական գործերը վերաբերում են խուլիգանությանն ու առողջությանը վնաս պատճառելուն:
Իրավապաշտպանները վստահ են, որ դեկտեմբերի 11-ին տեղի ունեցածը պետք է որակել որպես զանգվածային անկարգություն: Գործի հետաքննությունը հենց այս հոդվածով կարող էր հանգեցնել ծայրահեղ աջ խմբավորումների առաջնորդների հայտնաբերմանն ու պատժին, գրում է Ведомости պարբերականը: Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածով զանգվածային անկարգության կազմակերպիչներին մինչև 10-ը տարվա ազատազրկում է սպառնում, իսկ մասնակիցներին` մինչ 8 տարի ազատազրկում:
Ոստիկանության տվյալներով` անկարգության 66 մասնակից է ձերբակալվել, սակայն համապատասխան փաստաթղթերը լրացնելուց հետո նրանք ազատ են արձակվել:
Ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևն ակցիայի կազմակերպման մեջ մեղադրել է ձախ ծայրահեղական խմբավորումներին: «Сова» կենտրոնի փոխտնօրեն Գալինա Կոժևնիկովայի խոսքով` Մանեժնայա հրապարակում «Սլավոնական ուժ» և «Անօրինական գաղթի դեմ շարժում» աջ ծայրահեղական խմբավորների անդամներ են եղել:
Կրեմլի աղբյուրներն այն կարծիքին են, որ Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների հարցով քրեական գործ դեռ կարող է հարուցվել: Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրահանգ է տվել պատժել անկարգության կազմակերպիչներին:
«Արդյունավետ քաղաքականություն» հիմնադրամի տնօրեն Գլեբ Պավլովսկին այն կարծիքին է, որ անկարգությունները կազմակերպել են նրանք, ում շահավետ է ցույց տալ այն հանգամանքը, որ Սերգեյ Սոբյանինն ու Դմիտրի Մեդվեդևն ի վիճակի չեն վերահսկել Մոսկվայում տեղի ունեցող իրադարձությունները: Քաղաքագետի համոզմամբ` տեղի ունեցող գործընթացներում որևէ թափանցիկ քաղաքական ուժ չկա, իսկ ազգայնականներն այս խաղում «պեշկաներն» են:
«Նման իրավիճակը վտանգավոր է, քանի որ սպառնալիք է ստեղծում քաղաքացիների անվտանգությանը»,- նշել է Պավլովսկին:
Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը կոչ է արել ընդունել ահաբեկչության գոյության փաստը, որն իրականացվում է կովկասցի երիտասարդական խմբավորումների կողմից: Փորձագետի կարծիքով` ահաբեկչությունը Կովկասում սոցիալական աղետի հետևանք է: Կովկասում սոցիալական անկման մակարդակը և դրա պատճառով առաջացած ագրեսիան ամենաբարձրն է: Դելյագինը նաև համոզված է, որ անկարգությունները կարող էին կազմակերպել վերնախավի այն ներկայացուցիչները, ովքեր շահագրգռված են 2012 թվականի նախագահական ընտրություններով: Այս կերպ նրանք փորձում են ցույց տալ, որ Մեդվեդևը չի կարողանում վերահսկել իրավիճակը: