Աշխարհահռչակ նկարիչ Լեոնարդո դա Վինչիի Ջոկոնդան, որի ժպիտը, աչքերն ու անգամ մաշկի գույնը բազմիցս ուսումնասիրվել են մշակութաբանների կողմից, պարզվում է` դեռ էլի գաղտնիքներ ունի. Նկարն իր մեջ պարունակում է դա Վինչիի անվան սկզբնատառերը:
Այդ նշանները հնարավոր է դարձել հայտնաբերել շնորհիվ ժամանակակից խոշորացնող տեխնիկայի: «Անզեն աչքով այս նշանները հնարավոր չէ տեսնել, սակայն դրանք պարզորոշ երևում են մանրադիտակով»,- ասել է Իտալիայի մշակութային ժառանգության Ազգային կոմիտեի նախագահ Սիլվանո Վինչենտին:
Աջ աչքի մեջ կարելի է տեսնել LV տառերը, որոնք կարող են խորհրդանշել նկարչի անվան սկզբնատառերը: Իսկ ձախ աչքում առկա նշանները, նկարի հնության պատճառով, մի փոքր դժվար է տարբերակել. այնտեղ գրված է կամ CE կամ B:
Իտալացիները որոշել են ավելի խորը ուսումնասիրել Ջոկոնդայի աչքերը նրանից հետո, երբ Կոմիտեի անդամներից մեկը գրախանութում գտել է հին գիրք, որտեղ հիշատակվում են Ջոկոնդայի աչքերում արտացոլված նշանները: