Nabucco նախագիծը, որը կոչված է դիվերսիֆիկացնել դեպի Եվրոպա գազի աղբյուրներն ու արտահանման ուղիները, կյանքի կկոչվի 2015 թվականին:
Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը` հղում կատարելով թուրքական Samanyolu գործակալությանը, նման հայտարարությամբ հանդես է եկել Nabucco Gas Pipeline International ընկերության թուրքական ներկայացուցչության ղեկավար Էրդալ Թուզունօղլուն:
«Ներկայումս նախագծի անդամ երկրների տարածքում շարունակվում են մանրակրկիտ ինժեներական աշխատանքները, և մենք ակնկալում ենք արդյունքներ ստանալ մոտ ապագայում»,- ասել է Թուզունօղլուն:
Նա նշել է, որ գազատար խողովակի ամենաերկար հատվածն անցնելու է Թուրքիայի տարածքով և կազմելու է մոտ 2 հազար 730 կմ: Շինարարական աշխատանքները կսկսվեն 2012 թվականի երկրորդ կեսին, կտեևեն մոտ երեք տարի, և 2015-ին պատրաստ կլինեն շահագործման հանձնվելու համար: Միայն Թուրքիայի տարածքում գազատար խողովակի կառուցման ծախսերը կկազմեն 5 մլրդ եվրո:
«Նաբուկո» գազատար խողովակը, որի ընդհանուր արժեքը կազմում է 7,9 մլրդ եվրո, ենթադրում է գազի արտահանում Կասպից ծովից դեպի Եվրամիության երկրներ:
Ծրագի մասնակիցներ են ավստրիական OMV, վենգրիական MOL, բուլղարական Bulgargaz, ռումինական Transgaz, թուրքական Botas և գերմանական RWE ընկերությունները: Անդամներից յուրաքանչյուրը 16,67% հավասար մասնաբաժին ունի: