Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր կենտրոնական հրապարակն այսօր հայտանվել է աշխարհի ուշադրության կենտրոնում: Հազարավոր ցուցարարներ հավաքվել էին թե հրապարակում, թե երկրի նախագահ Հոսնի Մուբարակի գլխավորած Ազգային Դեմոկրատական կուսակցության գրասենյակի մոտ:
Ցույցի էին դուրս եկել թե երիտասարդներ, թե ծերեր, թե կանայք, որոնցից շատերն իրենց հետ դուրս էին բերել փոքր երեխաների: Ցուցարարները չէին թաքցնում, որ հարևան Թունիսի հեղափոխության հաջողությունն իրենց նոր ուժեր է հաղորդել: Պատահական չէ, որ հրապարակում կային բազմաթիվ Թունիսի դրոշներ: Որոշ ժամանակ ցույցը խաղաղ էր անցնում, սակայն ոստիկանությունը սկսել է միջամտել, և մի շարք արյունոտ բախումներ են տեղի ունեցել:
Մարդիկ, սակայն, չէին դադարում փողոցում մնալ՝ վանկարկելով հակակառավարական կարգախոսներ, արևմտյան ԶԼՄ-ների լրագրողներին բողոքելով աղքատությունից և անելանելի վիճակից:
«Հեղափոխություն մինչև հաղթանակ»՝ սա էր փողոց դուրս եկած մարդկանց հիմնական կարգախոսը:
Կառավարությունը, իր հերթին, սկսել է քայլեր ձեռնարկել իրավիճակը հսկողության տակ վերցնելու համար:
Արդեն ցերեկը Եգիպտոսում փակել էին Twitter միկրոբլոգերի ցանցը, որը, ինչպես և Facebook-ը, օգտագործվում էր մարդկանց մոբիլիզացնելու համար: Կահիրեում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնանում, բայց երկրի իշխանություններն առայժմ հայտարարություններից զերծ են մնում:
Եգիպտոսի իրավիճակին արդեն անդրադարձ է արել ԱՄՆ Պետդեպը: Ամերիկացիները, որոնք Եգիպտոսին իրենց դաշնակիցն են համարում, նշել են, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի բողոքելու, սակայն կոչ էին արել կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից: