«Փետրվարի 15-ին կայանալու է Հայաստանի քաղաքացիների, ինչու չէ, նաև ազգային համաժողով, որտեղ մենք որոշելու ենք ճիշտ գորրծողությունները», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ժողովրդական կուսկացության առաջնորդ, ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը:
Կարապետյանի հաղորդմամբ` «ճիշտ գործողությունները» պարունակում են գրավոր վերջնագրի հանձնումը երկրի նախագահ Սերժ Սարգսյանին:
«Վերջնագիրը պարունակելու է ոչ թե կետեր և պայմաններ, այլ արտահերթ ընտրությունների պահանջ: Ի տարբերություն ՀԱԿ-ի, պետք է ասեմ, որ մենք պահանջում ենք խորհրդարանական, հետո նախագահական ընտրություններ», – ասել է Տիգրան Կարապետյանը:
Նա նշել է, որ նախորդ խորհրդարանական ընտրությունները անարդար են եղել:
Կարապետյանի խոսքով` ինքը և իր կողմնակիցները վճռական են տրամադրված: Նա ասել է, որ իր հիմնական խնդիրն այն, որ այժմ հնարավորություն չունի բնակչությանն իրազեկել: Ըստ Ժողովրդական կուսակցության նախագահի, եթե իրենք այդ հնարավորությունն ունենային, ապա տասն անգամ ավելի մարդ կհավաքեին:
Ասուլիսի ընթացքում նա նաև ներկայացրել է իր կուսակցության փետրվարյան գործողությունները: Ըստ այդմ, Ժողովրդական կուսակցությունը կանցկացնի երիտասարդական ֆորում Հայաստանի տարբեր շրջաններից միայն երիտասարդ պատվիրակների մասնակցությամբ, տեղի կունենա հանդիպում ազատամարտիկների հետ, իսկ 28-ին կլինեն «վճռական գործողություններ»:
Պարզաբանելով, թե ինչ է նշանակում «վճռական գործողություններ»` Կարապետյանն ասել է, որ 28-ին կլինի մեծ հանրահավաք, մարտի 1-ին մոմավառություն, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին կլինեն «քաղաքական գործողություններ», որոնց բնույթը, սակայն, նա չի բացատրել: