Փետրվարի 16-ին կայացան Չեմպիոնների Լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի հերթական երկու հանդիպումները: Իտալական «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց ուկրաինական «Շախտյորին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ուկրաինական ակումբն առաջինը գնդակ բաց թողեց. 28-րդ րոպեին «Շախտյորի» դարպասը գրավեց Սիմոնե Պեռոտան, ում հարվածից հետո գնդակը դիպավ հյուրերի պաշտպան Ռացին և հայտնվեց ցանցում: Սակայն մեկ րոպե անց բրազիլացի Ժադսոնը անդրադարձի օգնությամբ կարողացավ հավասարեցնել հաշիվը, իսկ 32-րդ րոպեին ևս մեկ բրազիլացի Դուգլաս Կոշտան գեղեցիկ հարվածով առաջ մղեց «Շախտյորին»: Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերը երրորդ գնդակը խփեցին բրազիլացի հարձակվող Լուիզ Ադրիանոյի ջանքերով, ում հարվածի դուրս բերեց նույն Դուգլաս Կոշտան:
Երկրորդ խաղակեսում «Ռոմայի» հարձակվող Ժերեմի Մենեզը գեղեցիկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին «Ռոման» չկարողացավ անել՝ պարտվելով 2:3:
Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա հայաստանցի ֆուտբոլիստն առաջին խաղակեսում այդքան էլ հաջող չգործեց՝ մի քանի անգամ պարզ իրավիճակներում կորցնելով գնդակը, սակայն երկրորդ կեսի ընթացքում հավաքվեց և շատ ավելի վստահ ու գրագետ ֆուտբոլ խաղաց: Մխիթարյանը, ով խաղում էր հենակետային կիսապաշտպանի գոտում երկու անգամ միջին տարածություններից վտանգավոր հարվածներ կատարեց: Առաջին դեպքում դաշտի տերերին փրկեց դարպասապահ Դոնին, ով մեծ դժվարությամբ հետ մղեց գնդակը, իսկ երկրորդ դեպքում գնդակն աննշան շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից:
Նշենք, որ մրցակցի հարկի տակ տարած հաղթանակը լավ հնարավորություններ է ընձեռում Մխիթարյանի թիմին քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար: Պատասխան խաղում, որը կկայանա երեք շաբաթ անց, «Շախտյորը» սեփական հարկի տակ պետք է չպարտվի: Ուկրաինական ակումբին հաջորդ փուլ դուրս կբերի անգամ 0:1 կամ 1:2 հաշվով պարտությունը:
Խաղային օրվա մյուս հակամարտությունը կայացավ Լոնդոնի «Էմիրեյտս» ստադիոնում, որտեղ անգլիական «Արսենալն» ընդունեց իսպանական «Բարսելոնային»: Հյուրերն առաջին խաղակեսում Դավիդ Վիլյայի ջանքերով բացեցին հաշիվը, սակայն խաղի վերջնամասում «Արսենալը» երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը և հաղթանակ կորզեց: Գոլերի հեղինակներ դարձան հոլանդացի հարձկվող Ռոբին վան Պերսին ու փոխարինման դուրս եկած ռուսաստանցի Անդրեյ Արշավինը:
Հիշեցնենք, որ երեկ մեկ այլ անգլիական ակումբ՝ «Տոտենհեմը» 1:0 հաշվով մրցակցի հարկի տակ պարտության մատնեց իտալական «Միլանին», իսկ իսպանական «Վալենսիան» իր դաշտում 1:1 խաղաց գերմանական «Շալկե 04» ակումբի հետ: