Հայ ժողովուրդը բարոյական, գաղափարական խնդիրների համար կռիվ կտա, բայց ոչ ստամոքսի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` խոսելով Հայաստանում սոցիալական բունտի հնարավորության մասին:
«Հայ ժողովուրդը, սոցիալական բունտի, բարեբախտաբար, ընդունակ չէ: Հայերը կարող են ստամոքսի համար հայրենիքը լքել, բայց, բարեբախտաբար, կռիվ չեն տա ստամոքսի համար», – ասել է Հայրիկյանը:
«Հեղափոխություն նշանակում է մարդ սպանել: Հեղափոխությամբ չես կշտացնելու մարդկանց: Հեղափոխությամբ իշխանության են գալիս ավազակները», – կարծիք է հայտնել ԱԻՄ նախագահը` նշելով, որ այլ բան է, երբ ժողովուրդն ինքնակազմակերպվում և դուրս է գալիս փողոց:
Այս առնչությամբ բանախոսը հիշել է մարտի մեկի իրադարձությունները` համոզմունք հայտնելով, որ «մարտի մեկին Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր երեք ժամ առաջ ասել մարդկանց` գնացեք տուն, եթե գիտեր, որ չի գալու»: