Փետրվարի 12-ին Իտալիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ ականավոր հայագետներ, Պո-Արաքս մշակութային ընկերակցության հիմնադիրներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ` Վենետիկի Կա ֆոսկարի համալսարանի հայագիտության կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Հայր Լևոն Զեքյանին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի առաջին ղեկավար, պրոֆեսոր Գաբրիելա Ուլուհոճյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալներով պարգևատրման արարողությունը` հայ մշակույթի տարածմանն ու զարգացմանը նպաստող ակնառու նվաճումների եւ ձեռքբերումների համար: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Շնորհավորելով մեծանուն գիտնականներին ՀՀ կառավարական առաջին պարգևը ստանալու կապակացությամբ` դեսպան Կարապետյանը հատուկ նշել է, որ Իտալիայի հռչակավոր երկու համալսարաններում` Վենետիկում և Բոլոնիայում Զեքյանի և Ուլուհոջյանի կողմից հայագիտական միավորների հիմնադրման շնորհիվ է, որ այսօր կարող ենք խոսել Իտալիայում առկա հայագիտության դպրոցի մասին:
Դեսպանը շեշտել է, որ «նրանց գիտական գործունեությունը վաղուց դուրս է եկել Իտալիայի և Հայաստանի սահմաններից ու ձեռք բերել համաշխարհային արժեք և նշանակություն»: Դեսպանը կարևորել է նաև գիտնականների մեծ ներդրումը հայ-իտալական բարեկամության խորացման գործում:
Վենետիկում Պո Արաքս մշակութային ընկերակցության կողմից ամեն տարի կազմակերպվող հայոց լեզվի խտացված ամառային դասընթացների 25-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայր Լևոն Զեքյանի միջոցով` դասախոսներ Պարետ Մանոքին, Ռոզին Թաշճյանին, Սալբի Գասպարյանին և Ռաֆֆի Սեթյանին հանձնվել են նաև ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերը: