Մադրիդի «Ռեալն» առաջին անգամ իր պատմության ընթացքում կարողացավ չպարտվել Լիոնի «Օլիմպիկին» մրցակցի հարկի տակ: Մինչ փետրվարի 22-ը կայացած Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ խաղը «Օլիմպիկի» դաշտում կայացած 3 խաղերում մադրիդցիները 3 պարտություն էին կրել ընդհանուր 0:6 հաշվով:
Այս անգամ մասնագետները խաղից առաջ «Ռեալի» հնարավորություններն ավելի բարձր էին գնահատում, սակայն առաջին խաղակեսում ֆրանսիական թիմն ավելի լավ տպավորություն թողեց՝ մի քանի սուր պահեր ստեղծելով մրցակցի դարպասի մոտ: Այնուամենայնիվ, խփած գնդակ չգրանցվեց, իսկ երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին արդեն «Ռեալը» ուժեղացրեց ճնշումը և 2 անգամ վտանգավոր խաղարկեց ստանդարտ դիրքերը, որից հետո դաշտի տերերին փրկեցին դարպասաձողերը:
Հյուրերը կարողացան բացել հաշիվը 65-րդ րոպեին, երբ դրանից մեկ րոպե առաջ փոխարինման դուրս եկած Կարիմ Բենզեման, ով «Ռեալ» է տեղափոխվել հենց Լիոնի «Օլիմպիկից», կարողացավ տուգանային հրապարակում ավելի լավ կողմնարոշվել և գնդակն ուղարկել ֆրանսիական ակումբի դարպասը:
Լիոնցիները մոտ 10 րոպե չէին կարողանում գտնել իրենց խաղը, սակայն հանդիպման վերջնամասում ուժեղացրեցին ճնշումը, և 83-րդ րոպեին Բաֆետիմբի Գոմիսը մոտ տարածությունից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը: Վերջին րոպեներին դաշտի տերերը ևս մի քանի գրոհ կազմակերպեցին, սակայն ավելին անել չկարողացան՝ 1:1: Այս հաշիվը լավ հնարավորություն է ընձեռում մադրիդցիներին առաջին անգամ 2004 թվականից հետո դուրս գալ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ:
Երեկ կայացած ևս մեկ խաղում Լոնդոնի «Չելսին» առանց մեծ դժվարության Դանիայում հաղթեց տեղի «Կոպենհագենին» 2:0 հաշվով: Երկու գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Նիկոլա Անելկան:
Այսօր կկայանան 1/8 եզրափակիչ փուլի ևս երկու հանդիպումներ. Մարսելի «Օլիմպիկը» սեփական հարկի տակ կընդունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին», իսկ իտալական «Ինտերն» իր դաշտում կխաղա գերմանական «Բավարիայի» հետ: