Լիբիայի կառավարությունը պնդում է, որ Բենղազիում այսօր վերսկսված զինված հակամարտության պատճառը ընդդիմադիր ուժերի ագրեսիվ գործողություններն էին, հաղորդում է AFP գործակալությունը:
Իշխանությունների հաղորդմամբ` ընդդիմադիրների հրոսակախմբեր հարձակվել են կառավարության ուժերի վրա և ավիահարված են իրականացրել: Նշվում է նաև, որ Քադաֆիի զորքերը «ստիպված են եղել դիմադրություն ցույց տալ` անվտանգության նկատառումներից ելնելով»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ականատեսները հայտնում էին, որ Բենղազի քաղաքի հարավ-արևելյան հատվածի վրա ավիահարված է հասցվել:
Ավիահարվածները երկուսն էին: Առաջինը գրանցվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 7:20-ին, երկրորդը` 20 րոպե անց: Թե ում են պատկանում ինքնաթիռները, չէր հստակեցվում:
Ռմբակոծմանը հետևել են հրթիռային հարվածներ, ենթադրաբար, «Կատյուշա» զինատեսակից:
Sky News հեռուստաալիքի հաղորդմամբ` ընդդիմադիր ուժերը վերացրել էին ինքնաթիռներից մեկը: