Հանգստյան օրերին Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը սկսել է քննարկել ընդդիմության հետ իր ինքնակամ հրաժարականի պայմանները: Բանակցությունների առաջին փուլն արդյունքներ չեն տվել: Սալեհն ընդունել է, որ իրավիճակը մոտ է ճգնաժամայինի վերածվելուն, երկրում կարող է քաղաքացիական պատերազմ սկսվել:
Պաշտոնական Սանայի մտավախությունները անհիմն չեն: Եմենում արդեն նկատելիորեն ակտիվացել է «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորումը: Հանգստյան օրերի ընթացքում նրանք մի քանի հարձակումներ են գործել Եմենի անվտանգության ուժերի վրա: Իսլամիստ-գրոհայինները իրենց վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական նշանակություն ունեցող Խանֆար լեռը, Ալ-Հուսն և Ջաար քաղաքները, հաղորդում է «Կոմերսանտը»:
Երեկ Եմենի մայրաքաղաք Սանայում արտահերթ նիստ է հրավիրվել իշխող «Համազգային Կոնգրես» կուսակցության ղեկավարության ներքո, որի ընթացքւոմ քննարկվել է նախագահ Սալեհի հնարավոր հրաժարականի պայմանները: Իսկ ավելի վաղ` նույն օրը, բանակցություններ են տեղի ունեցել ընդդիմության ներկայացուցիչների հետ: Բանակցություններին մասնակցություն են ունեցել նաև ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ներկայացուցիչները:
Սակայն երեկոյին մոտ նախագահ Ալի Աբդուլա Սալեհի ներկայացուցիչները հայտարարել են բանակցությունների տապալման մասին:
«Նախագահը հրաժարական չի տա ոչ այսօր, ոչ էլ 60 օր հետո»,- ասել են նրանք` Սալեհի առաջիկա հրաժարականի մասին լուրերը անհիմն անվանելով: Նախագահի ներկայացուցիչը միաժամանակ հավելել է, որ ներկայումս «փոքրամասնությունը փորձում է ոլորել մեծամասնության ձեռքերը»:
Սալեհի խոսքով` եթե ընդդիմությունը շարունակի նույն մեթոդներով գործել, երկիրը կհայտնվի քաոսի մեջ: «Մենք ապրում ենք ցեղային հասարակությունում: Յուրաքանչյուրն իր ցեղի դիրքորոշումն է պաշտպանում, ինչը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: 22 տարի առաջ Եմենը կազմված էր 2 երկրներից և հետագայում կարող է մասնատվել 3,4 չվերահսկվող հատվածների»,- հայտարարել է նախագահը: