Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի /ԱԳԳԾ/ 2010թ. և Պլանավորման ու վերանայման գործընթացի /ՊՎԳ/ փաստաթղթերի գնահատման, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2011-2012թթ. փաստաթղթի քննարկման նպատակով ապրիլի 4-9-ը Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը:
Քառօրյա ակտիվ քննարկումներից և հանդիպումներից հետո
ապրիլի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում երկուստեք ներկայացվեցին ԱԳԳԾ և ՊՎԳ փաստաթղթերի գնահատման նախնական արդյունքները:
Արձանագրվեց այն առաջընթացը, որը գրանցվել է նշված փաստաթղթերում ընդգրկված նպատակների իրականացման ուղղությամբ: ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամներն անդրադարձան իրենց իրավասության ոլորտներում կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին և հիմնական առաջնահերթություններին, հայտնում են ԱԳՆ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից: