Ամերիկահայ իրավաբան Վարդգես Եղիայանը երեք քաղաքացիների պահանջով դատական հայց է ներկայացել Թուրքիայի կառավարության դեմ: Միացյալ Նահանգները Թուրքիային 21 օր ժամանակ են տվել արձագանքելու համար սույն դատական հայցին, հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Հայցվոր կողմը 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից բռնագրավված իրենց սեփականության դիմաց փոխհատուցում է պահանջում: 64 միլիոն դոլար արժողությամբ դատական գործը վերաբերում է ԱՄՆ օդային ուժերի կայանի մոտ` Ադանա շրջանի Ինչիրլիկ տարածքում գտնվող իրենց սեփականությանը:
Վարդգես Եղիայանն այս գործն իր պատասխանատվության տակ է վերցրել Ռիտա Մահտեսյանի, Անաիս Հարությունյանի և Ալեքս Բակալյանի խնդրանքով:
«Այս գործի համաձայն, հայցվոր կողմը կարող է դատի տալ Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Կենտրոնական բանկին և Զիրաթ բանկին, ինչը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով. Թուրքիան միջազգային օրենք է խախտել և ապօրինաբար սեփականացրել է ուրիշին պատկանող գույքը, Թուրքիան նաև խախտել է սեփական սահմանադրության օրենքները և Լոզանի պայմանագիրը»,- ասել է Եղիայանը:
«Մենք կապվել ենք սեփականության նման պահանջ ունեցող ևս 15 անձանց հետ, և հույս ունենք, որ մոտակա ամիսների ընթացքում նրանք ևս կմիանան այս գործին»,- նշել է փաստաբանը: