Ստամբուլում պահանջում էին դադարեցնել ցեղասպանությունը և բոյկոտել Օլիմպիական խաղերը
Չինաստանի ույղուր մուսուլմանական էթնիկ խմբի տասնյակ ցուցարարներ, վանկարկելով «Չինաստան, դադարեցրու՛ ցեղասպանությունը։ Չինաստան, փակի՛ր ճամբարները» բողոքի ցույց են իրականացրել Ստամբուլում՝ կոչ անելով բոյկոտել հաջորդ ամիս Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը։
Ցուցարարները մեղադրում են Չինաստանի իշխանություններին մահմեդական ույղուր փոքրամասնության դեմ ցեղասպանություն իրականացնելու և խոշտանգումների մեջ։
Կիրակի օրը ցույցի մասնակիցները հավաքվել էին Թուրքիայի օլիմպիական կոմիտեի շենքի մոտ՝ ծածանելով Արևելյան Թուրքեստանի անկախության շարժման դրոշը։ Այդ խումբն, ըստ Պեկինի՝ սպառնում է Չինաստանի արևմտյան Սինցզյան շրջանի կայունությանը:
«Չինաստանը իրավունք չունի հյուրընկալելու Օլիմպիական խաղերը՝ զուգահեռ իրագործելով ույղուրների հանդեպ ամեն տեսակ խոշտանգում, դաժանություն և ցեղասպանություն»,- ասում է ցուցարարներից մեկը, ով հարազատներ ունի Չինաստանի համակենտրոնացման ճամբարներում։
Ավելի վաղ, ի նշան բողոքի, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Ճապոնիան և Դանիան, հայտարարել էին, որ պաշտոնական պատվիրակություններ չեն ուղարկելու խաղերին։
Ենթադրվում է, որ մոտ 50․000 ույղուրներ, որոնց հետ թուրքերը էթնիկ, կրոնական և լեզվական կապեր ունեն, բնակվում են Թուրքիայում․ Կենտրոնական Ասիայից դուրս ամենամեծ ույղուրական սփյուռքը: