2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ազատելուց առաջ բանակը մեկ ամիս տանջում էր հիվանդ երիտասարդին

Սրտի արատով և նյարդաբանական լուրջ խնդիրներով զինակոչված Ավետիք Մաթևոսյանի առողջական վիճակը վատացել է զինակոչման հաջորդ իսկ օրը։ Նրան մոտ մեկ ամիս հոսպիտալից հոսպիտալ են տեղափոխել, և միայն օգոստոսի 15-ին ուղարկել տուն՝ «արձակուրդի»։ 

Օմբուդսմենի գրասենյակից Մաթևոսյանի ծնողներն իմացել են, որ օգոստոսի 14-ին զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Ավետիքի հայրը՝ Ազատը Epress.am-ին ասել է, որ մինչև հիմա սպասում են տղայի էպիկրիզին, որպեսզի սկսեն նրա բուժումը քաղաքացիական հիվանդանոցում։ 

Ընտանիքն արդեն մեկ ամիս է՝ ահազանգում է որդու օրեցօր վատթարացող առողջական վիճակի մասին։  «Ազատության» հետ զրույցում հարազատները պատմել էին՝ Ավետիքը չի անցել նորմալ առողջական զննություն, զինկոմիսարիատը նրա ախտորոշման թղթերը չի փոխանցել հանձնաժողովին։ Հարցազրույցի ժամանակ տղան պատմել է իր գանգատների մասին, բայց բուժզննության նրան այդպես էլ չեն ուղարկել։ 

«Երեխեն ուշաթափվում ընկնում ա», - «Ազատությանը» ասել է տղայի տատիկը՝ Անուշը։ Մայրը՝ Սոնան, պատմել է, որ որդին նյարդաբանական լուրջ խնդիրներ ունի վաղուց․ «Նոպաներ ա իրա մոտ, հիմա մատերը ձգվում ա ահավոր, չի կարողանում, մինչև դեղը չեն տալիս»։ 

18-ամյա Ավետիքին Կապանի զորամասից անմիջապես Սիսիան, Սիսիանից Երևանի Մուրացան հոսպիտալ, այնտեղից էլ կայազորային հոսպիտալ են տեղափոխել։ Այդ ընթացքում նրա վիճակը ավելի է վատացել․ նիհարել է, հյուծվել, հոգեբուժական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել։ «Մենակ քնցնում են երեխային։ Դա բուժում չէ։ Դողը չի անցնում, - պատմում էր մայրը․ — Իմ երեխան այդտեղ եթե մնաց հոգեկանը խանգարված դուրս կգա, արդեն չի հիշում, չգիտեմ՝ ինչ դեղ են սրսկում»։

Ծնողները անընդհատ այս երկու նկարն էին ցույց տալիս․ ձախում նրա զորակոչի օրն է՝ հունիսի 27-ը, աջում՝ Երևանի կայազորային հոսպիտալում արված լուսանկար․

194f35e0-c369-460a-7ac7-08ddc3797fd2_w1597_n_r1_s_s

Կառավարությունը անցած երկու տարիների ընթացքում առնվազն երկու նախաձեռնությամբ կրճատել է հիվանդությունների ցանկը, որոնց հիմքով զորակոչիկներին տարկետում են տրամադրում կամ ազատում ծառայությունից։ Պաշտպանության նախարարությունը փորձում է հաղթահարել զորակոչիկների դեֆիցիտը՝ մարդաքանակ ապահովելով նաև հիվանդների հաշվին։

«2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով՝ 44 հազարից դարձել 24 հազար <․․․>2003 թվականից 2019 թվականների ընթացքում բանակում չի ծառայել ավելի քան 82 հազար քաղաքացի», – թվերը 2023-ին հրապարակել է պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Բանակից, ըստ նրա, մարդիկ խուսափում են արտագաղթելով, հիվանդանալով, կաշառքով։

«Թվերին որ նայես, տպավորություն կստեղծվի, թե ամբողջ ազգը հիվանդ է», - անցած տարի մեկ անգամ չէ, որ կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ենթակաները պարբերաբար խոսում են բուժզննություն իրականացնողների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, կաշառքի դեմ պայքարելու, կաշառքը ի վերջո գոնե օրինականացնելու, բժիշկներին պատժելու մասին։

Ընդհանուր առմամբ, զինկոմիսարիատները և պաշտոնյաները առաջնորդվում են մեղավորության կանխավարկածով, իբրև թե բանակից խուսափելու համար երիտասարդները իրենց հիվանդություններ են հորինում։ 

Բայց «սիմուլյանտների» դեմ պայքարից ամենաշատը տուժում են մարդիկ, որոնք իրոք առողջական խնդիրներ ունեն։ ՀՔԱՎ-ի իրավապաշտպանները պարբերաբար ահազանգում են, որ բուժզննությունը զինկոմիսարիատներում ըստ պատշաճի չի իրականացվում, գանգատները անտեսվում են, ուսումնասիրությունը հաճախ ձևական է արվում։

Նույնիսկ առողջական պատճառներով բանակային մահերի թիվն է վերջին շրջանում աճել։ Պաշտոնական գնահատմամբ՝ 2024-ին հիվանդությունից առնվազն 5 զինվոր է մահացել բանակում։ Վերջին դեպքը օգոստոսի 11-ին․ ՊՆ-ից հաղորդեցին, որ հանկարծամահ է եղել զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։