Home / Բանակ / «Ազգ-բանակի» փոխարեն «պարզապես պետություն»

«Ազգ-բանակի» փոխարեն «պարզապես պետություն»

Հայաստանի վարչապետն առաջարկում է հրաժարվել «ազգ-բանակ» էկզոտիկ հայեցակարգից, որն առաջ էր քաշվել Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից, և փորձել դառնալ «պարզապես պետություն»։

«Մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ», – պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը, որը իր կառավարության առաքելությունը տեսնում է այդ կարգավիճակը հաղթահարելու մեջ։

Այս օրակարգը, ըստ Փաշինյանի, նոր չէ։ Նախկինում ազգ-նահատակի կարգավիճակից փորձել են ազատվել՝ «ազգ-բանակ» դառնալով։ Փաշինյանի «մտորումները» հիմա հանգեցրել են նրան, որ «ազգ-բանակն ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է»:

«Եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ: Մենք ուզում ենք ուժեղ բանակ ենք ունենալ։ Ուզում եմ հարց տանք մեզ՝ ումի՞ց ու ինչքա՞ն ուժեղ բանակ ենք ուզում ունենալ։ Լավ, կարող ենք խնդիր դնել, կարող ենք և պիտի ունենանք մի երկրի բանակից ավելի ուժեղ բանակ։ Իսկ եթե երկու երկրների հետ է մեր խնդիրը, եթե պարզվի, որ երեք երկրի հետ է մեր խնդիրը, չորս կամ հինգ երկրի հետ է մեր խնդիրը, եթե պարզվի՝ մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ է, այլ նաև մեր բարեկամների հետ է, մենք ումի՞ց ու ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք։

․․․Ես ասում եմ, որ ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար մեզ պետք է որդեգրել մեկ այլ, բոլորովին ուրիշ տրամաբանություն՝ պարզապես պետության տրամաբանությունը, որը գործում է միայն ու միայն, բացառապես սեփական շահերին համապատասխան», – Ազգային ժողովի ամբիոնից ասել է վարչապետը։

Պետությունը, ըստ նրա, ունի կոնկրետ տարածք՝ պատասխանատվության կոնկրետ գոտի, և գործում է միայն ու միայն այդ տարածքի շահին համապատասխան։ Շահը Փաշինյանը տեսնում է տնտեսական զարգացման մեջ, որը 2020-ի պատերազմում պարտությունից հետո կապում է կոնֆլիկտի հաղթահարման, հարևանների հետ հարաբերությունների վերականգնման, առևտրային ուղիների ապաշրջափակման մեջ։

«Եվ երկրորդը՝ պետությունը պետք է ինքն իրեն սահմանափակի միջազգային հարաբերությունների հռչակված և ընդունված կանոններով և օրենքներով։ Սա ասում եմ հատկապես հիմա, երբ թվում է, թե միջազգային հաստատված օրենքներն ու կանոնները բոլորը և ամեն տեղ ոտնահարում են։ Մենք պետք է դիրքավորվենք որպես մի պետություն, որն ինքն իրեն հռչակում և սահմանափակում է միջազգային հանրահռչակված կանոններով գործելուն համապատասխան։ 

Սա նշանակում է ստեղծել անվտանգային մի համակարգ, որի առաջին գծում բանակը չէ։ Բանակից առաջ կան բուֆերներ։

Որո՞նք են այդ բուֆերները։ Օրինակ՝ տնտեսական փոխկախվածությունները, որից առաջ կա ուրիշ բուֆեր՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են բոլորը: Բայց եթե բոլորը և ամենուր բողոքում են դրա ոտնահարումներից, նշանակում է՝ այդ կանոններին հավատարիմ լինելը դրական գործելակերպ է, որը ձևավորում է ևս մեկ բուֆեր բանակից առաջ։ Այս պայմաններում է, որ ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել լեգիտիմ, արդարացված և ապահովել անվտանգություն՝ անվտանգության շղթայի մեջ որպես մի և հերթական օղակ», – նշել է Հայաստանի վարչապետը։

Հեղափոխության ժամանակ և նույնիսկ դրանից հետո Փաշինյանը գրեթե չէր խոսում կոնֆլիկտից։ Պատերազմում պարտությունը ստիպել է նրան վերանայել իր քաղաքականությունը։ Հիմա վարչապետը համարում է, որ հենց կոնֆլիկտի մեջ է «մեր բոլոր խնդիրների» արմատը։

«Այս դահլիճում և մեր հասարակության մեջ շատ է քննարկվում արտագաղթի թեման։ Կարծում եմ՝ այս հարցով էլ պետք է առերեսվել մի շատ պարզ ճշմարտության։ 90-ականների սկզբից անընդհատ խոսում ենք արտագաղթից, բերում ենք ամենատարբեր պատճառներ՝ սկսած անարդարություններից և վերջացած սոցիալական, իրավական խնդիրներով, ենթակառուցվածքների վատ վիճակով, բիզնես-խնդիրներով։ Դրանք բոլորը ճշմարիտ են։ Բայց դրանք՝ լինելով ճշմարիտ (և այդ մասին ընդունված է հրապարակորեն խոսել), պատճառների 10-20 տոկոսն են։

Եկեք խոստովանենք ի վերջո, որ արտագաղթի պատճառները մոտ 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։ Արտագաղթի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-րդ պատճառը մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ։ 12-րդը կարող է լինել սոցիալական բարդությունը, բայց եկեք ասենք՝ այդ սոցիալական բարդությունների մի մեծ մասը կապված են կոնֆլիկտային միջավայրի հետ։ 13-րդ էլ կարող է լինել արդարության պակասը, բայց եկեք խոստովանենք՝ դա էլ մի որոշակի չափով կապված է մեր կոնֆլիկտային միջավայրի հետ։ Այդ մասին խոսել ընդունված չէ։ Մենք երկար տարիներ չենք խոսել այդ կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհայաստանյան պահվածքի և կարգավիճակի մասին», – եզրակացրել է պաշտոնյան։

Ելույթի վերջնամասում Փաշինյանը սահուն անցում է կատարել Ղարաբաղյան խնդրին և դրա տրագիկ հանգուցալուծմանը։ Վերհիշել է 2019 թվականի իր սկանդալային հայտարարությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», որը մեկնաբանվել էր որպես ռազմական առճակատում հրահրող։ Փորձել է արդարանալ․ «2018 թվական կամ 2017, 2016 թվական՝ Ղարաբաղն ի՞նչ է։ Անկախ պետությո՞ւն է։ Չէ՛։ Եթե անկախ էր, ճանաչեի՛ք։ Ասել ենք՝ չէ, անկախ պետություն չի։ Ուրեմն ի՞նչ է։ Ադրբեջա՞ն է։ Չէ։ Ով ասեր, որ Ղարաբաղը Ադրբեջան է, պարզ է՝ ինչ արձագանքի կարժանանանք։ Լավ, Ղարաբաղը Հայաստա՞ն է։ Չէ, Ղարաբաղը Հայաստան չի։ Լավ, բա ի՞նչ է»։

Ելույթը շարունակվել է այլաբանությամբ՝ մարդ «կարող է հղի լինել 9 ամիս», 9 ամիս անց «պետք է մի որևէ բան տեղի ունենա»։ Ասել է թե՝ ստատուս-քվոն հնարավոր չէր անվերջ երկարաձգել։ 

«Որ մենք այդ հղիությունը պետք է ևս 9 ամսով երկարացնենք՝ աբսուրդ մոտեցում էր։ Ի՞նչ է տեղի ունեցել 2019 թվականին, ինչքանո՞վ է ճիշտ եղել այն քաղաքականությունը, որը մենք վարել ենք։ Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը՝ մեր պայմանական հղիությունը ևս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ։ Եթե իհարկե մոռանանք, որ խնդրի ձևակերպումն ի սկզբանե սխալ էր», – նշել է վարչապետը։

Խնդրի ճիշտ ձևակերպումը նա տեսնում է «պետությունը պահելու շանս ստանալու» մեջ․ «Այն քաղաքականությունը, որը մենք վարել ենք կամ վարում ենք, ոչ թե ճիշտ կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակն էր, միակ հնարավոր տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս։ Շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք այդ շանսը»։ 

Ելույթն ավարտվել է նախընտրական տրամաբանությամբ՝ «մենք պետք է զգուշորեն անցնենք դեռևս ականապատ դաշտի միջով», «ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, հենց մենք ենք այն խորհրդարանը, հենց մենք ենք այն ժամանակը, որը հնարավորություն է ունենալու ասել՝ ահա մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունը առաջիկա հարյուրամյակի ընթացքում»։