Home / Армения / ՀԴԲ-ն խոստացել է ճշտել ԱՄՆ-ում ձերբակալված հայերի թիվը

ՀԴԲ-ն խոստացել է ճշտել ԱՄՆ-ում ձերբակալված հայերի թիվը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկել է հանցավորության դեմ պայքարում Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի իրավական հարցերով կցորդ Քեվին Դոնովանը Աղվան Հովսեփյանին տեղեկություններ է տրամադրել օրերս ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից բանկային և առողջապահական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների քրեական գործի մասին, որով որպես մեղադրյալներ ներգրավված են նաև ազգությամբ հայեր:

ՀԴԲ-ի ներկայացուցիչը մասնավորապես տեղեկացրել է, որ 73 անձի ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, բանկային և բժշկական ապահովագրության զեղծարարությունների համար: 32 հոգի հոկտեմբերի 13-ին ձերբակալվել են:

Նախաքննության տվյալներով` հանցավոր խմբի անդամները ձևավորել են 118 կեղծ բժշկական կլինիկաներ, իսկ խարդախությամբ հափշտակված գումարը նախնական կազմում է մոտ 162 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ գլխավոր դատախազի հարցմանն ի պատասխան` Դոնովանը խոստացել է առաջիկայում հստակ տեղեկություններ տրամադրել, թե դիտարկվող քրեական գործով ազգությամբ քանի հայ է որպես մեղադրյալ ներգրավված և քանի ՀՀ քաղաքացի: Դոնովանի խոսքով` քրեական գործով անհրաժեշտություն առաջանալու դեպքում ԱՄՆ-ն կդիմի Հայաստանին իրավական փոխօգնության խնդրանքով:

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ տեղեկատվության փոխանակման համար՝ ելնելով քրեական գործի շահերից: Այս մասին հայտնում ենէ ՀՀ Գլխավոր դատախազությունից: