Home / Հայաստան / Հայաստանը և Սլովակիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Հայաստանը և Սլովակիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Սլովակիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել երկրի պաշտպանության նախարար Լյուբոմիր Գալկոյի հետ, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երկու երկրների պաշտպանության նախարարների միջև քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Սեյրան Օհանյանի և Լյուբոմիր Գալկոյի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Սլովակիայի Հանրապետության Կառավարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է համագործակցություն հետևյալ հիմնական ոլորտներում` ռազմական կրթություն և զինվորական անձնակազմի մասնագիտացված ուսուցում, ռազմական բժշկություն, խաղաղապահություն, պաշտպանության ռազմավարական վերանայման բնագավառում փորձի փոխանակում և այլն:

Սեյրան Օհանյանը այցելել և ծաղկեպսակ է դրել Բրատիսլավայի կենտրոնում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը խորհրդանշող հուշարձանին:
Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Սլովակիայից մեկնել է Հունգարիա, որտեղ նույնպես նախատեսված են քննարկումներ երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: