2007թ. օգոստոսի 30-ին Վարդենիսի զորամասում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործով 2010 թվականի հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզի 1-ին ատյանի դատարանը վճիռ էր կայացրել, համաձայն որի ապացույցներ չլինելու պատճառով արդարացվեցին մեղադրյալներ Ռուստամ Ասատրյանը և Կարեն Թովմասյանը:
Դրանից հետո քրեական գործը 366 հոդվածով հետ ուղարկվեց Զինվորական դատախազություն` նոր անձի նկատմամբ նոր քննություն սկսելու:
Տիգրան Օհանջանյանի ծնողները Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին, որ նախաքննության ընթացքում, երբ գործն արդեն ուղարկվել էր ՊՆ-ի քննչական վարչություն, ստեղծվեց առողջապահության նախարարության կողմից 11 հոգուց բաղկացած հանձնաժողով, որը պետք է եզրակացություն տար իրենց որդու մահվան պատճառի մասին: Երեկ ծնողները ստացել են եզրակացությունը, որում դարձյալ նշված է եղել, որ Տիգրան Օհանջանյանը մահացել է էլեկտրահարումից: Հենց այդպիսին էր նախնական վարկածը:
«Մենք համոզված ենք, որ մեր երեխան չի էլէկտրահարվել: Գործի հանձնաժողովի նախագահը եղել է հանրահայտ Նելլի Խոստիկյանը, որը հոկտեմբերի 27-ի գործով նույնպես ղեկավարել է հանձնաժողով և նորից տվել է կեղծ եզրակացություն առ այն, որ հոկտեմբերի 27-ի գործով անցնող մարդկանցից մեկը էլեկտրահարվել է: Այսօր նույն բանը հանձնարարել են Նելլի Խոստիկյանին: Մենք եղել ենք Առողջապահության նախարարի մոտ, խնդրել ենք, որպեսզի իրեն փոխեն, նա մեզ խոստացավ ընդունելության ժամանակ, որ կփոխի հանձնաժողովի նախագահին, բայց քանի որ հանձնաժողովի նախագահը միակն է, որը կարողանում է կեղծել եզրակացությունները… նա ամբիոնի վարիչ է Հերացու անվան բժշկական համալսարանում»,- ասել է Տիգրան Օհանջանյանի հայրը` Սուրեն Օհանջանյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանի կենտրոնի փորձագետ Գագիկ Հարությունյանը, հանրապետության գլխավոր այրվածքաբան Հովսեփ Շամախյանը և Նելլի Խոստիկյանը դեռ գործին չծանոթացած ասել են.
«Դուք ինչ եք բողոքում, ձեր երեխան էլեկտրահարվել ա, ի՞նչ եք ուզում»:
«Մենք պետք է դիմենք ավելի բարձր միջազգային կազմակերպությունների: Մենք ցանկանում ենք, որ փորձաքննությունը կատարվի միջազգային փորձագետների կողմից: Որովհետև այս երկրում չկա օրենք, այս երկրում չկա նախագահ, որովհետև այս բոլորը, ինչ կաատրվում է, կատարվում է նախագահի թելադրանքով, նա է թելադրում, թե նրանք ինչ անեն, ինչ չանեն: Չկատարեն, չեն աշխատի իրենց գործին, կկատարեն, կշարունակեն աշխատել այդ պաշտոնում»,- ասել է Սուրեն Օհանջանյանը:
Զոհված զինվորի ծնողների խոսքով` Տիգրան Օհանջանյանի դատավարությունների ժամանակ ներկայցվել են բազմաթիվ ապացույցներ, համաձայն որոնց նա չէր կարող մահանալ էլեկտրահարումից: Դատական նիստերից մեկի ժամանակ Սուրեն Օհանջանյանը նշել էր, որ երկու անգամ դեռևս Մարտունի քաղաքի դատախազությունում իրեն ցույց են տվել իր որդու հագուստը, որը եղել է նորմալ վիճակում, իսկ յոթ ամիս անց այն նորից ներկայացվել է, բայց պատառոտված վիճակում։