Home / Հայաստան / Մահմեդականացում թուրքական ձևով. Բռնաբարված տատերի թոռները

Մահմեդականացում թուրքական ձևով. Բռնաբարված տատերի թոռները

«Անադոլու» լրատվական գործակալությունը մի լուր է հրապարակել, թե «հայ հարսը վեց ամիս հետո այո ասեց»: «Էստի համեցեք»: Ահա ձեզ մի թուրքական պատմություն:

Այսպես է սկսում Ստամբուլում հայերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթում երեկ տպագրված Արիս Նալջիի «Բռնաբարում» հոդվածը:

Հեղինակը պատմում է, որ թուրքական հեռուստաընկերությունները հաղորդել են Հերմինե Թալմազյանի և Մուհամեթ Ալի Շիմշեքի ամուսնության լուրը և ներկայացրել ամուսնության դրվագներ:

«Վեց տարի առաջ Մուհամեթը կորցրել էր իր կողակցին և հետո սիրահարվել էր Հերմինեին: Հայ աղջիկը Թուրքիա էր եկել քրոջը տեսնելու և առաջին իսկ հանդիպումից սիրահարվել էր Մուհամեթին: Լրատվական գործակալությունները, իհարկե, չեն հարցրել, թե ինչ պայմաններում է մահացել այդ մարդու կինը և այդ նույն տարին ինչպե՞ս է նա սիրահարվել Հերմինեին: Բայց ես դեռ սպասում էի, անհամբեր սպասում: Արդյոք ե՞րբ պիտի Հերմինեն մահմեդական կրոն ընդունի, Ղուրան կարդալ սովորի, թուրքերեն խոսի: Սրանք կաղապարներ են, ավանդույթն է այսպիսինը», – գրում է Արիս Նալջին:

Լրագրողը նշում է, որ եթե մամուլում հայի և թուրքի միջև ամուսնության լուր է լինում, ապա անպայման աղջիկը մահմեդական է դառնում, քանի որ առանց դրա «լուրը անկատար կլինի, նույնիսկ անիմաստ»:

«Երկար չտևեց սպասումս: Հաղորդավարն ավետեց` ասելով, թե Հերմինեն ազատ կամքով իսլամացած է: Սևծովյա շրջակայքի հատուկ բարբառով էլ խոսում է: Հերմինեի մայրն էլ, ազդվելով իր աղջկա այս որոշումից, ինքն էլ իսլամացավ: Հերմինեն էլ մահմեդականությունն ընդունելուց հետո պաշտոնապես ամուսնացավ: Այս երկրի հայն ու թուրքն իրար են նման: Երկուսն էլ այլամերժության գագաթներում են շրջում: Այս հողերը Սիամանթոյի և Խաչեզարեի նման անմուրազ սիրահարների արցունքով են թրջված: Արժե մի պահ խորհել, թե ինչո՞ւ միշտ հայերն են հարսները: Ինչո՞ւ միշտ մեծմայրերն են հայկական ծագում ունեցողները: Արդյո՞ք այդ մեծմայրերն իրենց կամքով են հարս եղել այդ քուրդ կամ թուրք ընտանիքներում:

Ի՞նչ… Պատասխանը սրտնեղություն է պատճառում, չէ՞: Որովհետև դուք գիտեք ճշմարտությունը, և բռնի ամուսնացած, բռնաբարված մեծմոր թոռ լինելը ցավ պիտի պատճառի: Եթե ես էլ ցավ պատճառեցի` ներող եղեք…», – եզրափակում է հոդվածագիրը: