Rusrep-ը հրապարակել է WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի նամակագրությունը, որտեղ վերջինս գրում է 2008 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած մի շարք քրեական հանցագործությունների մասին:
Վերջերս Հայաստանում տեղի ունեցած և միմյանց հետ կապ չունեցող մի շարք դաժան բռնության դեպքերը դրդել են ընդդիմադիրներին դատապարտել «քրեական պետության» ձևավորումը:
Հոկտեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում` հանգստյան օրերին, Երևանում մեկ մարդ էր զոհվել, 4-ը` Սպիտակ քաղաքում, իսկ Ստեփանավանի նորընտիր քաղաքապետը քիչ էր մնում մոռթազերծ լիներ իր քաղաքական հակառակորդների կողմից: Այս հարձակումների ընթացքում մոտ 10 հոգի վիրավորվել է, որոնց մեծ մասը լուրջ վնասվածքներ է ստացել: Հարձակումների դրդապատճառներն այդպես էլ անհայտ մնացին: Իսկ վերջին շրջանում Երևանում տեղի ունեցած հարձակումների ընթացքում արտասահմանցի գործարարն ու Ուկրաինայի դեսպանը անհայտ անձանց թիրախ էին դարձել, ամենայն հավանականությամբ, կապված իրենց քաղաքական գործունեության հետ:
Հոկտեմբերի 26-ի կեսօրին Երևանի կենտրոնական հատվածներից մեկում 2 երիտասարդներ ատրճանակից սպանել էին մեկ հոգու և վիրավորել նրա ընկերոջը: Հայաստանի գլխավոր դատախազը հարձակումը որակեց որպես 2007 թվականի նոյեմբերին հարձակվողներից մեկի քեռու սպանության վրեժի փորձ: Սպանվածը Որսորդների հայկական ասոցիացիայի նախագահն էր, միաժամանակ բարձր դիրք էր զբաղեցնում իշխանամետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում:
Տվյալ հանցագործության անմիջական իրականացնողն այդպես էլ չպատժվեց:
Նույն օրերի ընթացքում բռնության դեպքեր են գրանցվել նաև երևանյան դիսկոտեկներում, որտեղ փոխհրաձգության հետևանքով մեկ մարդ է վիրավորվել: Եվս մեկ գիշերային ակումբում զանգվածային ծեծկռտուք է բռնկվել, որի հրահրիչը Սերժ Սարգսյանի եղբորորդին է եղել: Մամուլը մեղադրեց Սարգսյանի եղբորորդուն ծեծկռտուք հրահրելու մեջ, որը ոմանց համար ավարտվել էր ծանր վնասվածքներով:
Մեկ այլ հանցագործություն է տեղի ունեցել` կապված ՀայՓոստ ընկերության հոլանդացի ղեկավար Հանս Բունի հետ: Վերջինս հոկտեմբերի 10-ին հարձակման է ենթարկվել երևանյան փողոցներից մեկում տուն վերադառնալիս: Հարվածից հետո նա մոտ 12 ժամ անգիտակից վիճակում պառկած է մնացել փողոցում: Բարեբախտաբար, անցորդներից մեկը պատահաբար տեսել է նրան և հիվանդանոց հասցրել: Միջադեպից հետո Բունը տարհանվել է երկրից: Նա գանգուղեղի վնասվածք է ստացել և դեռևս գտնվում է Հոլանդիայի հիվանդանոցներից մեկում:
Բունի վրա այս հարձակումը միակը չի եղել: Նույն տարվա հուլիսին ևս մեկ հարձակում է իրագործվել նրա վրա, և կասկածներ չկան, որ այդ հարձակումը շատ լավ ծրագրված ակցիա է եղել: Նա դժգոհության է արժանացել Հայփոստի աշխատակիցների կողմից, քանի որ փորձել է կարգ ու կանոն հաստատել աշխատավայրում,և վերջ տալ հիմնարկությունում ծաղկող կոռուպցիային և գողությանը: Երկրորդ հարձակումը կարող է դիտարկվել որպես վրեժխնդրության փորձ:
Մարի Յովանովիչը գրում է, որ Հայաստանը և քաղաք Երևանը ավանդաբար շատ ապահով էին հասարակ քաղաքացիների և երկիր ժամանած արտասահմանցիների համար:
Սակայն քաղաքական, տնտեսական և քրեական հանցագործություններն ու ապօրինությունները նորություն չեն: Վերջին ժամանակներս հարկային և մաքսային մարմինների ներկայացուցիչներին սպանում էին անհայտ պատճառներով: Բացի դրանից, հաճախակիացել են ազդեցիկ մարդկանց, օլիգարխների, գեներալների, նրանց երեխաների, հարազատների և թիկնապահների հետ տեղի ունեցող միջադեպերը, որոնք, ինչպես ճանապարհներին, այնպես էլ գիշերային ակումբում վերացնում են այն անձանց, ովքեր իրենց ճանապարհն են կտրում` միաժամանակ ոչ մի պատասխանատվություն չկրելով այդ ամենի համար: Այդ մարդիկ շատ հաճախ ցույց են տալիս, որն իրենք ավելի բարձր են օրենքից:
«Մենք պատրաստվում ենք հետագայում նույնպես հետևել նման միջադեպերին, և հույս ունենք վերջնական եզրակացության գալ այն հարցում, թե արդյոք այս միջադեպերը հանդիսանում են քաղաքական անօրինականությունների խորացման նոր միտում, թե պարզապես միմյանց հետ կապ չունեցող դեպքեր են»: