Home / Հայաստան / Ոստիկանները խափանել են վարորդների ակցիան. դատախազը չի պատասխանում

Ոստիկանները խափանել են վարորդների ակցիան. դատախազը չի պատասխանում

Այսօր ժամը 12:00-ին Վանաձորում պետք է կայանար վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդների բողոքի ակցիան, որին պետք է միանային նաև գյումրեցի վարորդները, սակայն ոստիկաններն արգելել են վարորդներին իրականացնել նախապես ծրագրված գործողությունները:

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ոստիկաններն ապօրինաբար կանգնեցնում են ակցիային մասնակցել ցանկացող վարորդներին:

«Մեքենաների խումբ կա, որոնց ակնհայտորեն չեն թողնում անցնել: Սկզբում ոստիկաններն արգելքը բացատրում էին վատ եղանակային պայմաններով, և մի պահ բոլոր մեքենաների հոսքն ընդհանրապես դադարեցվել էր: Հետո սկսեցին ընտրովի բաց թողնել: Ախուրյանի ոստկանության պետ Ենգոյանն ասել է. «Ես հրահանգ ունեմ, լավ եմ անում` չեմ թողնում»»,- պատմել է Սաքունցը:

Իրավապաշտպանը նաև տեղեկացրել է, որ իրենք արդեն այս իրավիճակի մասին տեղյակ են պահել ԵԱՀԿ ներկայացուցիչ Կարլ Հոֆստրային, ինչպես նաև զանգահարել է դատախազություն, որպեսզի հաղորդում ներկայացնի, սակայն դատախազությունից խոսափողը վերցնողն ասել է, որ ինքը հաղորդում ընդունող չի, իսկ դատախազը ընդմիջման է գնացել: Դրանից հետո Սաքունցի զանգերին դատախազությունում չեն պատասխանում:

Ի դեպ, ոստիկանները երկար ժամանակ թույլ չեն տվել, որպեսզի Ջաջուռի տարածքին մոտենա նաև Գյումրիի «Ասպարեզ» Ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ սկսած փետրվարի 5-ից` մի քանի տասնյակ վարորդներ բողոքում են Վրաստանից Հայաստան բերվող մեքենաների համար սահմանված բարձր մաքսատուրքի դեմ: Վարորդներն իրենց գործողությունների ծրագիրը նախապես չէին հրապարակում, իրենց խոսքով, ոստիկաններին անհանգստություններ պատճառելու համար: