Չորեքշաբթի ավելի քան 70 հայկական մաֆիայի անդամ է ձերբակալվել ԱՄՆ-ում, հաղորդում է Reuters գործակալությունը: «Հայկական ուժ» խմբավորման ներկայացուցիչները, ովքեր, ամերիկացի իրավապահների վկայությամբ, իրենց գործունեությունը սկսել են նախորդ դարի 80-ականներին և լուրջ կապեր ունեն մեքսիկական մաֆիայի հետ, մեղադրվում են թմրանյութերի տեղափոխման, բանկային մեքենայությունների, մարդկանց առևանգման, չարտոնված խաղատների գործարկման և դրամաշորթության մեջ:
Հայկական խմբավորման ներկայացուցիչները մի շարք լայնածավալ գործողություններ են իրականացրել, մասնավորապես, կարողացել են գողանալ «99 սենթ» խանութների հաճախորդների տվյալները, որի օգնությամբ նրանք կեղծ վարկային բանկային քարտեր են սարքել և վճարել այդ քարտերով խանութներում:
Խմբավորման ներկայացուցիչներին հաջողվել է բանկերից մեկում կաշառք տալով՝ հաճախորդների մասին տեղեկատվություն ստանալ և հետագայում 10 միլիոն դոլարի գողություն կատարել քարտերից: Սա ընդամենը խմբավորման գործունեության օրինակներից մեկն է, նշել են ամերիկացի իրավապահները:
Ձերբակալվածներից հիմնական մասը բնակվել է Կալիֆորնիա նահանգում, որը Մոսկվայից հետո Սփյուռքում բնակվող հայերի ամենամեծ կենտրոնացման վայրն է:
Դատախազ Անդրե Բիրոտի խոսքով՝ հայկական մաֆիայի ներկայացուցիչները զբաղվել են յուրաքանչյուր տեսակի հանցավոր գործունեությամբ, որը շահույթ է բերում:
«Հայկական հանցավոր խմբավորման կառուցվածքը նման չէ, օրինակ, իտալական մաֆիայի կառուցվածքին, այստեղ չկա մեկ ընդհանուր առաջնորդ», – նշել է Բիրոտը:
Համաձայն ԱՄՆ պաշտոնյաների, հանցավոր խմբի ներկայացուցիչները գործում են այն մոդելով, որը գոյություն է ունեցել նախկին ԽՍՀՄ-ում, այն է՝ խմբավորման մեջ եղել են «օրենքով գողեր», ովքեր համակարգել են խմբավորման գործունեությունը Ռուսաստանում, Վրաստանում և Հայաստանում գոյություն ունեցող հանցավոր խմբավորումների հետ:
«Հայկական ուժ» խմբավորման ներկայացուցիչները գունեղ մականուններ են ունեցել, այդ թվում՝ «Կապոնե», «Հաստավիզ», «Կասպեր» և այլն:
Բիրոտի խոսքով՝ հայկական մաֆիայի գործունեությունը հնարավոր է եղել բացահայտել առաջնորդների միջև ծագած ներքին խնդիրների շնորհիվ:
Նշենք, որ ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 113 մարդու, որոնցից 20-ից ավելիին առայժմ հաջողվում է թաքնվել: