Երևանի Միկոյան 64 հասցեում կառուցված «Դավթաշեն սիթի» թաղամասի կառուցապատող «Ն և Ս Քոնսթրաքշն» ընկերությունը սնանկ է ճանաչվել` պարտքերը թողնելով բնակիչների վրա։ Սնանկության կառավարչի որոշմամբ 1200 բնակիչները ստիպված են վճարել Ամիոբանկին, որտեղ թաղամասը գրավ է դրված։ Ընկերությունը վերցրել էր 21.5 միլիարդ վարկ, յուրաքանչյուր բնակչի վրա դա մարելը կնստի ևս 206 հազար դրամ քառ.մետրի հաշվարկով։
Թաղամասում բնակարանները վաճառվել են 2020 թվականին շուկայականից բարձր գնով՝ մինչև 1300 դոլարով։ Բնակիչներից մեկը Epress.am-ին պատմել է, որ համաձայնել են գնին, որովհետև նախագիծը շատ լավն էր, ներառում էր մանկապարտեզ, շատրվաններ, ամֆիթատրոն, թենիսի կորտ, ֆուտբոլի դաշտ և այլն։
Հինգ տարի անց նախագիծը փոփոխվել է, հանգստի գոտու պլանը չի կատարվել։ Վերջերս պատահաբար պարզվել է, որ թաղամասի հանգստի գոտուց մի հատված՝ ընդհանուր 3.37 հեկտար տարածքից 0.4 հեկտարը, վաճառել է։
«Ավարտական ակտից ենք իմացել։ Դա արվել է շատ թաքուն։ Գնման իրավունքի պայմանագրով մենք ընդհանուր բաժնային սեփականության իրավունք ունենք նաև տարածքի հանդեպ, այսինքն մեր վճարած գումարն ամբողջ նախագծին էր վերաբերվում։ Մեր հողը առանց մեր համաձայնության օտարել են», – Epress.am-ին պատմել է թաղամասի բնակիչ Հայկ Սմբատյանը։
Բնակիչներից մեկի խոսքերով այժմ էլ իրենց պարտադրում են ստորագրել մի թուղթ, որով հրաժարվում են մանկապարտեզի սեփականության իրավունքից․ «դա էլ են ուզում վաճառել»։
Վեց շենքերը պիտի հանձնվեին շահագործման 2022 թվականին։ Մինչև հիմա չկա շահագործման ակտ։ Որոշ բնակիչներ, այնուամենայնիվ, արդեն տեղափոխվել և ապրում են համալիրում։ Նրանք ունեն գնման իրավունք, բայց ոչ գնման ակտ։
«Հատկապես մտահոգիչ է այն բնակիչների հարցը, ովքեր կանխիկ են վճարել կառուցապատողին։ Ինչու է դա հնարավոր եղել, եթե առքուվաճառքը պիտի արվի բացառապես փոխանցումով կառուցապատողի հաշվեհամարին։ Այսինքն՝ նոտարն էլ է մասնակցել այս մախինացիային», – ասում է Սմբատյանը։
Անցյալ տարի սեպտեմբերի 18-ին բնակիչները բողոքի ակցիա են արել և դիմել են Կառավարությանը ՝ պահանջելով բացահայտել, թե ուր են կորել ընկերությանը տրված գումարները։ Նույն օրն ընկերությունը դիմել է դատարան՝ սնանկ ճանաչվելու համար։ «Իրենք այդ սխեման շուտվանից պլանավորել էին։ Սնանկ ճանաչվելով ուզում են ազատվել տույժերից և այլ պարտականություններից։ Ընկերությունը 21.1 միլիարդ վարկեր ունի Ամիոբանկում, բնակիչներից գումարներ է ստացել, պետությունից ԱԱՀ գերավճարներ է ստացել՝ 10 միլիարդի կարգի։ Պետք է հասկանալ՝ ուր գնացին այդ գումարները», – հարցնում է նա։
Հարցի վրա ուշադրություն գրավելու համար բնակիչները ապրիլի 14-ին փակել են Եղվարդի խճուղին, ինչից հետո Քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացել է հանդիպել և լսել նրանց մտահոգությունները ապրիլի 16-ին։
տե՛ս Սփյուռքահայ բիզնեսմենը շահառուներին սպառնում է սնանկությամբ