Գլխավոր / Հայաստան / «Անմեղ արյունը…». մարդկային ճակատագրեր. Արմեն Ֆարմանյանը զոհվել է մարտի 1-ին

«Անմեղ արյունը…». մարդկային ճակատագրեր. Արմեն Ֆարմանյանը զոհվել է մարտի 1-ին

Արմեն Ֆարմանյանը մահացել է 2008 թվականի մարտի 1-ին: Նրա մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է քույրը` Վարդուհի Ֆարմանյանը:

«Արմեն Ֆարմանյանը ծնվել է 1975թ. նոյեմբերի 25-ին: Սովորել է թիվ 116 միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիներին զբաղվել է ըմբշամարտով, մասնակցել է բազմաթիվ մրցումների և արժանացել է պատվոգրերի: Այնուհետև ծառայել է հայկական բանակում: Բանակից վերադառնալուց հետո զբաղվել է մանրածախ առևտրով: Նա շատ ազնիվ էր, ընկերասեր, սիրված էր բոլորի կողմից: Նա քաղաքականությամբ չէր հետաքրքրվում, բայց միշտ ճիշտն էր ուզում տեսնել և դրանից դրդված նա գնաց Մյասնիկյանի արձանի մոտ: Նա աշխատանքից դուրս էր եկել ու գնացել էր հանրահավաքի վայր: Նրա մահվան մասին իմացել ենք միայն մարտի 2-ին, ժամը 17.30: Կարծում եմ՝ անմեղ արյունը երբեք գետնին չի մնա: Ինձ համար ցավալի էր լսել, որ սկզբում որոշ մարդիկ հայտարարում էին, թե տասը զոհերը թալանողներ են եղել: Մենք բոլորս էլ լավ գիտենք, թե ովքեր են եղել թալանչիները: Նրանք այնտեղ էին գնացել ժողովրդի համար: Իսկ ով սպանել է տասը զոհերին, նա միայն մահով չի պրծնի, վերևում Աստված կա, ով սրով գալիս է, սրով էլ գնում է: Իմ ավագ եղբայրը մասնակցել է արցախյան ազատամարտին: Հիմա, եթե Աստված չանի, պատերազմ լինի, նա դարձյալ առաջին գնացողներից մեկը կլինի, բայց ես դեմ կլինեմ, որ նա գնա: Նա գնաց հայրենիքը պաշտպանելու, իսկ իր եղբորը սպանեցին անկախացած երկրում»: