Home / Հայաստան / Սիրիացի ցուցարարները փորձել են այրել նախագահի հոր արձանը

Սիրիացի ցուցարարները փորձել են այրել նախագահի հոր արձանը

Մարտի 25-ին`ուրբաթօրյա աղոթքից հետո, Սիրիայի մի շարք քաղաքներում և գյուղերում հակակառավարական ցույցեր են սկսվել: Սիրիացիները բարեփոխումներ և ազատություն են պահանջում իշխանություններից, հաղորդում է Associated Press-ը:

Ութ օր առաջ սկսված բողոքի ցույցերից ոգեշնչված երեկ երկրի մի շարք քաղաքներում փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր սիրիացիներ: Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ էին հնչեցնում, դրոշներ և ձիթենու ճյուղեր էին թափահարում:

Ականատեսների փոխանցմամբ` իշխանամետ ուժերը կրակ են արձակել ցուցարարների ուղղությամբ: Մոտ 15 հոգի է զոհվել առնվազն 6 քաղաքներում և գյուղերում, ներառյալ մայրաքաղաք Դամասկոսի արվարձանները:

Սիրիական իշխանությունների պնդմամբ`անցյալ շաբաթվանից Սիրիայի Դերա քաղաքում սկսված ցույցերի ընթացքում 34 մարդ է զոհվել, մինչդեռ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը հաղորդում է 37 մահացածների մասին: Ցույցերի ակտիվիստների տեղեկություններով` ավելի քան 100 մարդ է զոհվել:

Ականատեսների փոխանցմամբ` որոշ ցուցարարներ հարձակվել են գործող նախագահ Բաշար Ասադի հոր` Հաֆեզ Ասադի հուշարձանի վրա` ցանկանալով այրել և քանդել այն:

Այս մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցող ցույցերը ամենալուրջ մարտահրավերն են Բաշար Ասադի ռեժիմին, նշում են արևմտյան քաղաքական վերլուծաբանները: Նշենք, որ Բաշար Ասադը հաջորդել է իր հայր Հաֆեզ Ասադին 2000 թվականին, մինչ այդ Հաֆեզ Ասադը Սիրիայի նախագահի պաշտոնում էր 1971 թվականից ի վեր: