Home / Հայաստան / «Ճիշտն ասած, չեմ հասցրել». պատգամավորները` մարտի1-ի ֆիլմի մասին

«Ճիշտն ասած, չեմ հասցրել». պատգամավորները` մարտի1-ի ֆիլմի մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը և ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը չեն դիտել հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը, քանի որ զբաղված են ավարտական քննությունների հանձնաժողովների ձևավորման հարցերով:

«Ես չեմ հասցրել նայել, ճիշտն ասած»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Արծվիկ Մինասյանը:

«Ես էլ նմանապես չեմ նայել, պարզապես էս ավարտական քննություններն են սկսվել, ժամանակի առումով դժվարություններ ունենք»,- ավելացրել է Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ-ական պատգամավորը դասախոս է, տնտեսագիտության դոկտոր – Epress.am):

«Մոտեցեք մեզ 7 օրից»,- ավելացրել է Արծվիկ Մինասյանը:

Իսկ, օրինակ, Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը դիտել է ֆիլմը:

«Ռեժիսորական որևէ կրթություն չեմ ստացել, որպեսզի գնհատեմ ֆիլմի որակը և թողարկումը, ընդհանուր առմամբ, եթե փաստերը համադրելու լինենք և հատկապես հաշվի առնենք, որ պետաիրավական հանձնաժողովը (Սահակյանը հանձնաժողովի անդամ է – Epress.am) մոնիտորինգի խմբի մեջ է, բավականին փաստեր կան, որ միակողմանի է ներկայացված»,- մեզ հետ զրույցում ասել է Սահակյանը:

Հիշեցնենք, որ «Մարտի 1» հասարակական նախաձեռնությունը «Հայաստանի կորսված գարունը ֆիլմն» արդեն ներկայացրել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին, պատգամավորներին, դեսպանատներին, Երևանի և մարզերի դպրոցների տնօրեններին, ինպես նաև երեկ ֆիլմը ներկայացվել է Երևանի բուհերի ռեկտորներին: