Home / Հայաստան / Երևանի խաչմերուկներում 60 տեսախցիկ է տեղադրվել

Երևանի խաչմերուկներում 60 տեսախցիկ է տեղադրվել

Համաքաղաքային ծրագրերի կատարման ընթացքին և մայրաքաղաքային տնտեսության կառավարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Ծխելու դեմ պայքարն ուժեղացնելու քաղաքապետի հանձնարարության համատեքստում զեկուցվել է, որ հանրային սպասարկմամբ զբաղվող տնտեսվարող բոլոր սուբյեկտները ծանուցվել են քաղաքապետի որոշման վերաբերյալ։ Հանրային սպասարկման 33 օբյեկտ, քաղաքապետարանի և «Կանաչաստան» ՀԿ-ի համատեղ իրականացրած մոնիտորինգի արդյունքում, ծխողների համար հատուկ տարածք  ապահովելու համար արժանացել են «Կանաչաստան» ՀԿ-ի շնորհակալագրերի։

Առևտրի և սպասարկումների վարչության պետը նշել է, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Անդրադառնալով վարձակալական պայմանագրերի ուսումնասիրությանն առնչվող հանձնարարականին՝ քաղաքապետը հանձնարարել է վերանայել բոլոր պայմանագրերը՝ դրանք համապատասխանեցնելով օրենսդրության ներկա պահանջներին և Երևանի ավագանու որոշումներին։

Քաղաքապետը հանձնարարել է ապահովել աղբահանության վարձավճարների բազայի վերջնական պատրաստումը, յուրաքանչյուր շաբաթ ներկայացնել աղբահանության վարձավճարների հավաքագրման վերաբերյալ տեղեկատվություն և պայմանագրերի կնքման ժամանակացույցը։

Քաղաքապետի հանձնարարությամբ՝ մայրաքաղաքի առավել բանուկ հատվածներում և խաչմերուկներում արդեն տեղադրվել է 60 տեսախցիկ, որոնց օգնությամբ համաժամանակյա ռեժիմով վերահսկվում է տրանսպորտային միջոցների երթևեկը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետկապերի վարչությունը: