ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսությանն առնչվող հարցերին` նշելով, որ երկխոսության, քննարկումների միջոցով առկա խնդիրներին լուծումներ գտնելով առաջ շարժվելը միակ տրամաբանական և ընդունելի ճանապարհն է ժողովրդի հոգսերով ու երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար: Բոլոր մյուս ճանապարհները հղի են լուրջ վտանգներով և անխուսափելի կորուստներով:
«Այս մասին մենք բարձրաձայնել ենք անընդհատ և այսուհետ ևս չենք զլանալու կրկին ու կրկին հիշեցնել նույնը: 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո իմ առաջին իսկ հրապարակային խոսքը բոլոր քաղաքական ուժերին և հասարակական միավորումներին ուղղված համագործակցության կոչն է եղել: Հետագա ամբողջ ժամանակահատվածում իշխանության գործելաոճը մնացել է նույնը», – նշել է Սերժ Սարգսյանը:
«Որքան էլ բարդ, երբեմն նաև կոշտ բանավեճերով, քաղաքական կոալիցիան կարողացել է հանուն Հայաստանի զարգացման հարցերում դրականորեն համագործակցել խորհրդարանական ընդդիմության` Հայ Յեղափոխական Դաշնակցության և «Ժառանգություն» կուսակցության հետ: Մենք ոչ միայն բաց ենք եղել ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցելու առումով, այլև ինքներս ենք ձևավորել համապատասխան մեխանիզմներ: Արտախորհրդարանական կուսակցությունների հետ աշխատանքի ձևաչափը հնարավորություն տվեց համադրել քաղաքական դաշտում առկա մոտեցումները մեր երկրի ու մեր ժողովրդի համար կենսական ամենակարևոր հարցերի շուրջ: Հանրային խորհրդի ստեղծումը ևս նպատակ ուներ որոշումների կայացման գործընթացում հանրության առավել լայն հատվածների ներգրավվածությունն ապահովել, և մենք մշտապես հաշվի ենք առնում այդ կառույցից եկող առաջարկները:
Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է: Մենք ենք սկսել այդ գործընթացը, և դա եղել է ոչ թե որևէ կողմից ճնշման հետևանք, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր, այլ ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի: Ես դրական եմ գնահատում Հայ ազգային կոնգրեսի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը և հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել: Ստեղծածը քանդելը ամենահեշտն է, քաղաքական հասունությունն արտահայտվում է ստեղծածի վրա ավելացնելու ունակությամբ: Կարծում եմ, եթե կողմերը կարողանան խուսափել մեկքայլանի, լավ չկշռադատված առաջարկներով միմյանց և գործընթացը փակուղի տանելու գայթակղությունից, ապա հնարավոր կլինի հաստատուն կերպով առաջ գնալ և շատ ավելի մեծ օգուտներ բերել մեր ժողովրդին ու մեր երկրին: Այս տեսանկյունից ամենակարևոր սկզբունքը հստակ է. վերջնագրերն անթույլատրելի են, վերջնագրերի լեզվով միմյանց հետ խոսելը` ոչ մի տեղ տանող գործելաոճ: Իսկ երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են:
Մեկ անգամ ևս կրկնում եմ` մենք միշտ բաց ենք եղել և պատրաստ ցանկացած քննարկման: Եվ եթե կան քաղաքական ուժեր, որոնք ունեն կոնկրետ ու ողջամիտ առաջարկություններ, մենք պատրաստ ենք կոնկրետ լուծումների: Եթե ՀԱԿ-ին մեր ժողովրդի հոգսերի և մեր երկրում առկա բազմաթիվ խնդիրների շարքում սոսկ ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է անձամբ ընդունել ներկայացուցիչների այդ քաղաքական կառույցի ղեկավար կազմից և լսել նրանց: Եթե, այնուամենայնիվ, առաջ կքաշվեն նաև առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն մեր տնտեսության վերելքին և երկրում առկա սոցիալական խնդիրների լուծմանը, ապա վարչապետն անձամբ է պատրաստ ընդունել և քննարկել դրանք: Հանրապետության նախագահի միջամտությունը պահանջող հարցերի առկայության դեպքում նախագահի աշխատակազմի ղեկավարը կարող է ընդունել և քննարկել:
Իսկ եթե անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Քաղաքական կոալիցիան պատրաստ է նմանօրինակ քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ունեն կոնկրետ առաջարկություններ:
Մենք կարևոր ճանապարհի վրա ենք, և այդ կարևորությունը միայն այսօրվա համար չէ: Վստահ եմ, եթե սթափությունը չլքի մեզ, մենք կկարողանանք արմատավորել անկախ Հայաստանի համար խիստ կարևոր քաղաքական նոր մշակույթ»,- Սերժ Սարգսյանի խոսքերն է փոխանցում ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: