Ալավերդիի բնապահպանները լրագրողների համար էքսկուրսիա էին կազմակերպել Ախթալայի ձորի պոչամբարներով։ Նահատակինը պետք է ռեկուլտիվացվեր դեռ 2018-ին, հետո ժամկետը երկարաձգել էին մինչև 2024-ի տարեվերջ, բայց պոչամբարը՝ պատված թանձր մետաղանյութով, շահագործվում է մինչև հիմա՝ պարբերաբար վթարվելով և արտահոսելով։ Պայթեցումների ձորի պոչամբարն էլ չի ռեկուլտիվացվել․ այն ազատելու համար Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը թափոնները զուտ լցրել է ձորը։ Աղտոտումը շարունակվում է նաև Նազիկի պոչամբարից, որի պարունակությունը տարիներ առաջ ծածկել են հողի բարակ շերտով՝ ներկայացնելով դա որպես ռեկուլտիվացում։
Ախթալա գետակի ափերը պատված են հանքի թափոններով, գետակի դեղնավուն ջուրն անմիջապես լցվում է Դեբետը։ Ափամերձ այգիները չորանում են ծանր մետաղներից։
Տարիներ առաջ «Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն» կազմակերպությունը միջազգային փորձաքննություն էր պատվիրել՝ չափելու Ախթալայում հանքարդյունաբերության ազդեցությունը։ «Հայաստանի չափորոշիչով 1 կիլո հողի մեջ մկնդեղի թույլատրելի շեմը մինչև 0,2 միլիգրամ է։ Ճոճկանում և Մեծ Այրումում, օրինակ, փորձագետները 1 կիլո հողի մեջ մինչև 0,70-0,80 միլիգրամ մկնդեղ էինք հայտնաբերել», – Epress.am-ին ասել է կազմակերպության ղեկավար Օլեգ Դուլգարյանը։ Վնասակար չափի ծանր մետաղներ են հայտնաբերվել նաև մարդկանց մարմինների և գյուղմթերքի մեջ, որը չի արտահանվում, բայց ազատորեն վաճառվում է Հայաստանում։
Մեծ Այրումը, որտեղ գտնվում է Նահատակի պոչամբարը, ի դեպ նույնիսկ ազդակիր համայնք չի ճանաչվել, հետևաբար՝ չի ստացել փոխհատուցումներ և չի օգտվել հանքարդյունաբերության ազդեցությունը մեղմող աջակցության ծրագրերից։ Սա տեղի է ունեցել բյուրոկրատական սխալի պատճառով։ Տեղացիներն ու բնապահպանները խնդրել են այդ սխալն ուղղել, նախարարությունից անցած տարի մերժել են՝ հիմնավորմամբ, թե պոչամբարը միևնույնն է մինչև տարեվերջ կփակվի։ Ոչ մի բան այդպես էլ չի արվել։
Անցած տարի հարակից գյուղերի մի քանի տասնյակ բնակիչներ դատի են տվել Ախթալայի հանքարդյունաբերող ընկերությանը իրենց առողջությանը ու տնտեսությանը վնասելու համար։ Դատավարությունից լուրեր չկան։
Մանրամասները՝ տեսանյութում․