Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության հանրահավաքները կորցրել են իրենց արդիականությունն ու սրությունը, դրանց մասնակցելն անիմաստ է դարձել: Epress.am-ի հարցին` արդյո՞ք արժե մասնակցել Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքին, նման պատասխան է տվել Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Լրագրության տեսության և պատմության ամբիոնի վարիչ Ռոման Նադիրյանը:
– Անցած տարիները շատերին, այդ թվում` ինձ, ցույց տվեցին, որ մեր հասարակության որոշակի հատվածի մոտ պայքարի կամ երկրի քաղաքական կյանքին անհատի մասնակցության որոշակի բողոքական, ընդդիմադիր ոգու պահպանման համար այս մեթոդներն այնքալ էլ արդյունավետ չեն:
Իմ քաղաքացիական դիրքորոշման պասիվությունը կամ ակտիվությունը բացարձակապես կապված չէ ՀԱԿ-ի (կամ այլ) հանրահավաքներին մասնակցելու կամ չմասնակցելու հետ: Ընդդիմադիր կողմնորոշումը պետք է գիտակցված լինի, և այն բոլորովին չի ենթադրում մեխանիկական անդամագրում որևէ խմբի, ուղղության, քաղաքական կուսակցությունների և կոնգրեսների: Ընդդիմադիր կողմնորոշումը սկիզբ է առնում անձի մակարդակի վրա: Պետք չէ փորձել մենաշնորհային դարձնել ընդդիմականությունը:
Եթե մարդիկ արհամարհում են ՀԱԿ-ի հանրահավաքները, դա դեռ չի նշանակում, որ կողմնորոշված չեն: Դա պարզապես թյուրըմբռնում է: Ինչպես արդեն ասացի, ընդդիմադիր կողմնորոշումը պետք է անձնական մակարդակի վրա լինի, սեփական ԵՍ-ի հակադրումը մեկ այլ բանի: Հանրահավաքի էությունն ընդհանուր հայտարարն է, մինչդեռ առավել կարևոր է համարիչը: Եվ բնական է, որ մարդիկ չեն ընդունում ոչ ՀԱԿ-ը, ոչ այն մեթոդները, որոնցով նրանք առաջնորդվում են, ոչ նրանց գործողությունները, ոչ այն մարդկանց, ովքեր առաջնորդում են կոնգրեսը: Ես չեմ հասկանում, թե ինչն է միավորում հարթակին կանգնած մարդկանց: Կոնկրետ ո՞ւմ են դիմում Կոնգրեսի առաջնորդները:
Ես Կոնգրեսի հանդեպ բացասական վերաբերմունք չունեմ (հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնտեղ հարգանքի արժանի մարդիկ կան): Այն պոտենցիալ հակակշիռ է: Երկրի քաղաքական և քաղաքացիական ակտիվությունը մասնակիորեն խթանող նման ուժի առկայությունն անհրաժեշտ է:
Ես հեռու եմ հասարակությանը սոցիալական բունտի կոչ անելուց, բայց, ինչպես արդեն նշել եմ, ինձ չեն գոհացնում և հետաքրքիր չեն այն մեթոդները, որոնք որդեգրել է Կոնգրեսը: Միգուցե, ՀԱԿ-ին անհրաժեշտ է փոխել ռազմավարությունը: Հայաստանի քաղաքացիները հանրահավաքներ և հավաքներ անցկացնելու անօտարելի իրավունք ունեն, և մենք դա միշտ պետք է հիշենք: Բայց իրականում այս հանրահավաքները կորցրել են իրենց իմաստը, համենայնդեպս, ինձ համար: