Home / Հայաստան / Օրինական ուժի մեջ է մտել լրտեսության համար դատապարտված հայի և իրանցու դատավճիռը

Օրինական ուժի մեջ է մտել լրտեսության համար դատապարտված հայի և իրանցու դատավճիռը

Այսօր ՀՀ գլխավոր դատախզությունը պաշտոնապես հայտարարել է, որ օրինական ուժի մեջ է մտել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 25-ի դատավճիռը, ըստ որի ՀՀ քաղաքացի Գ. Հայրապետյանը և Իրանի քաղաքացի Բ. Բաղերին հանցավոր են ճանաչվել համապատասխանաբար լրտեսության ձևով պետական դավաճանություն և օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու համար:

Հիշեցնենք, որ Հայրապետյանին և Բաղերիին մեղադրվում էին ադրբեջանական հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ:

Համաձայն ՀՀ դատախզության, ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Հայրապետյանը ստացել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան ժամանած Բ. Բաղերիից, իսկ որպես հանդիպման նշանաբան ծառայել է Գ.Հայրապետյանին ծանոթ՝ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը: Գ.Հայրապետյանը Բ.Բաղերիին հյուրընկալել է իր տանը և, ծրարով ստանալով հերթական առաջադրանքը, նրան հանձնել է նյութեր, որոնք հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարչևան» սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ՝ Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից:

Նախաքննության ընթացքում Գ. Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաև հրազեն և ռազմամթերք:

Դատարանը հիմնավորված համարելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը՝ Հայրապետյանին դատապարտել էր 12 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձևով պետական դավաճանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել ու պահել), իսկ Բաղերիին՝ 10 տարվա ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից):

Հայրապետյանի պաշտպանը ներկայացրել էր վճռաբեկ բողոք, ինչը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը վերադարձրել է` հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ:

Ըստ այդմ՝ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. հոկտեմբերի 25-ի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: