Home / Հայաստան / Անտոնյան, «ախմախ Լյովա», կրպակներ. քաղաքապետարանում առևտրականներին կընդունեն շաբաթ օրը

Անտոնյան, «ախմախ Լյովա», կրպակներ. քաղաքապետարանում առևտրականներին կընդունեն շաբաթ օրը

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան և Հրաչյա Քոչար փողոցներում գործող մթերք վաճառող 18 կրպակների տերերը երեկ Երևանի քաղաքապետարանից գրություն են ստացել, որ քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ 7-օրյա ժամկետում կրպակները պետք է ապամոնտաժվեն: Գրությունը ստորագրված է եղել` «Անտոնյան»:

Համաձայն գրության, ապամոնտաժման գործողությունը պետք է կատարեն կրպակատերերը, իսկ եթե դա տեղի չունենա, ապա այն կապամոնտաժվի քաղաքապետարանի կողմից, իսկ ծախսված գումարը հետագայում կգանձվի դատական կարգով:

Քաղաքապետի որոշումը կրպակատերերի շրջանում լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել: Նրանցից մեկը` Նարինե Կիրակոսյանը, Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ դա ապօրինի որոշում է, քանի որ իրենք ունեն սեփականության իրավունք և նրանց պայմանագրի ժամկետը դեռ չի լրացել:

Կիրակոսյանի խոսքով, մասնավորապես, իր կրպակն օգտագործելու ժամկետը լրանում է 2012 թվականին:

Այսօր առավոտյան առևտրով զբաղվողները գնացել են Արաբկիրի թաղապետարան և տեղեկացրել խնդրի մասին:

Թաղապետարանի աշխատակիցներն ասել են, որ իրենք տեղյակ չեն, թե ովքեր են կրպակատերերին նման բան ասել, այնուհետև, Կիրակոսյանի խոսքով, այդ գործողությունները բարդել են թաղապետարանի աշխատակից ոմն ‹‹ախմախ Լյովայի›› վրա` չհաստակեցնելով, թե ով է այդ մարդը:

Բողոքող կրպակատերերը գնացել են քաղաքապետարան, որտեղ նրանց լսել են և շաբաթ օրը հանդիպում են նշանակել` հարցին անդրադառնալու համար:

Կիրակոսյանը նշել է, որ քաղաքապետարանում իրենք գրավոր բողոք են ներկայացրել քաղաքապետի անունով, որում ասված է, որ իրենց սեփականության վրա անօրինական ոտնձգություններ են իրականացվում: