Home / Հայաստան / Վարչապետը խոստանում է, կրպակները քանդում են (ՖՈՏՈ)

Վարչապետը խոստանում է, կրպակները քանդում են (ՖՈՏՈ)

Երևանի Փափազյան փողոցի կրպակատերերն այսօր «Փակ շուկայի» մոտից երթով շարժվել են դեպի կառավարության շենք, որտեղ ամեն հինգաշբթի առավոտից հավաքվում են տարբեր հարցերի շուրջ բողոքող քաղաքացիներ:

Կրպակատերերից ոմանք, ինչպես նաև նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին, իրենց բողոքն արտահայտում էին` գետնին նստած: Մի քանի այլ առևտրականներ էլ պահել էին մի պաստառ, որի վրա գրված էր «Վարչապետ և քաղաքապետ. ապամոնտաժումը սկսեք ձեզանից և ձեր շրջապատի օբյեկտներից»:

Կառավարության նիստի ավարտից հետո շենքից դուրս եկող ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյանին, Արտակարգ Իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին հավաքվածները դիմավորում էին  «ամոթ, ամոթ»  վանկարկելով:

Այնուհետև բոլորը միասին սկսեցին վանկարկել «Կարեն, հեռացիր»` ուղղված Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին:

Դրանից հետո կառավարության շենքից դուրս է եկել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով մասնակցել էր նիստին: Նա բողոքավորներին պատմել է, որ կառավարության նիստի ընթացքում քննարկվել է կրպակների հարցը:

Անահիտ Բախշյանի և քաղաքացիների զրույցի ընթացքում կառավարության շենքից ԱԺ պատգամավորին փոխանցել են, որ վարչապետն իրեն է սպասում:

Վարչապետի հետ հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում փոխանցել է Տիգրան Սարգսյանի խոսքերը, համաձայն որոնց վարչապետի  հրամանով այս պահին կրպակների  ապամոնտաժումը դադարեցվել է:

Բախշյանը նշել է, որ նրա խոսքերի հավաստիությունը ստուգելու համար ինքն ուղևորվում է դեպի Փափազյան փողոց:

Քիչ առաջ Epress.am-ի հետ զրույցում Փափազյան փողոցի կրպակատերերից մեկը` տիկին Աննան, տեղեկացրել է, որ վարչապետի հրամանին հակառակ` իրենց մոտ շարունակվում է կրպակների ապամոնտաժումը: