Home / Հայաստան / Պուտին-Քոչարյան. իրավիճակի նմանություններն ու տարբերությունները` ըստ Կիրակոսյանի

Պուտին-Քոչարյան. իրավիճակի նմանություններն ու տարբերությունները` ըստ Կիրակոսյանի

Ռուսաստանի Դաշնությունում կատարվող գործընթացները ազդեցություն են ունենում Հայաստանի վրա գրեթե բոլոր բնագավառներում՝ ռազմական և անվտանգության, տնտեսական և քաղաքական:

Այս մասին գրում է Տարածաշրջանի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, ով commonspace.eu կայքում տպագրած հոդվածում զուգահեռներ է տանում Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների (ՌԴ վարչապետ Պուտինի առաջադրումը գալիք նախագահական ընտրություններին – խմբ.) և հայաստանյան ներկայիս իրականության մեջ:

Ըստ Կիրակոսյանի` Ռուսաստանի «այս մշուշոտ ազդեցությունը» Հայաստանի վրա բխում է նաև Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի նախագահ դառնալու հայտ ներկայացնելուց:

«Պուտինի վերադարձը կարող է մեծ ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքական կյանքի վրա, քանի որ այն կարող է ոգևորել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ վերադառնալ նույն ճանապարհով: Ի հակադրություն լավ ծրագրավորված ռուսական քաղաքական մոդելի, ինչպես դա եղավ Ելցին-Պուտին և Պուտին-Մեդվեդև ձևաչափում, նախկին նախագահ Քոչարյանի գործունեությունն ավելի աղետալի է հայակական իրականությունում մի քանի պատճառներով:

Առաջին` Քոչարյանի անձնական ընտրությունը և նրա իրավահաջորդ ներկայիս նախագահ Սերժ Սագսյանը այնպիսի քաղաքականություն չվարեց, ինչպիսին Քոչարյանը ծրագրել էր: Չնայած որ Սարգսյանը եղել է նախկին պաշտպանության նախարար, և ավելի ուշ նաև վարչապետ` Քոչարյանի վարչակազմում, Սարգսյանի` որպես նախագահ պաշտոնավարելու հենց սկզբից հզոր մրցակցություն և հնարավոր պառակտման հնարավորություն առաջացավ այդ երկու անձերի միջև: Նախագահելով 2008 թվականի հետընտրական արյունալի զարգացումների ժամանակաշրջանում, որին հետևեցին լուրջ ընդդիմադիր ցույցեր` Սարգսյանը ժառանգեց վնասված նախագահական աթոռ և անվստահություն», – գրում է Կիրակոսյանը:

Նա նշում է, որ ռուս-հայական քաղաքականության համատեքստում, չնայած որ Սարգսյանի վարած քաղաքականությունը բավական տարբերվում է Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի վարած քաղաքականությունից, կա ավելի ուժեղ և անհանգստացնող նմանություն Քոչարյանի և Պուտինի միջև:

Կիրակոսյանը թվարկում է Քոչարյանի և Պուտինի միջև եղած նմանությունները, մասնավորապես, նշելով.

«Նրանք ընկերական մտերիմ հարաբերություններ ունեին իրենց նախագահության տարիներին, կիսում են միմյանց աշխարհընկալումները և սեփական փորձը, յուրաքանչյուրն էլ հարմարվել են հետսովետական համակարգին: Իրականում, Քոչարյանն իր նախագահության տարիներին ավելի ամուր փակեց Հայաստանը Ռուսաստանի շրջանակներում: Հիասթափվելով իր կողմից նշանակված նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությունից` Քոչարյանը կարող է փորձել այն նույն ճանապարհով վերադառնալ քաղաքականություն, ինչպես դա արեց Պուտինը՝ հուսալով, որ վերջինիս վերադարձը կարող է նպաստել սեփական նորամուտին: Այդ իսկ պատճառով, Ռուսաստանի և Հայաստանի, ինչպես նաև Քոչարյանի և Պուտինի համար սա անձերի քաղաքականություն է, և ոչ թե սկզբունքային քաղաքականություն», – հայտարարում է փորձագետը:

Սակայն, ի տարբերություն Պուտինի, գրում է Կիրակոսյանը, Քոչարյանը նոր մարտահրավերների առաջ է կանգնած՝ սկսած իր անձի հանդեպ հասարակական վարկանիշից մինչև այն դժվարությունները, որոնց նա դեմ է առնելու քաղաքական ասպարեզ գալու ճանապարհին:

«Ի տարբերություն Պուտինի, Քոչարյանի համար դժվարությունը կայանում է նրանում, որ հայաստանցիների մեծամասնությունը մեղադրում է իրեն 2008 թվականի մարտյան դեպքերի համար, ինչպես նաև շատերը նրան մեղադրում են օլիգարխներին իշխանություն և հարստություն շնորհելու մեջ: Ավելին, ևս մեկ կարևոր տարբերություն. որպես Ռուսաստանի ներկայիս վարչապետ, Պուտինը շարունակում է ստվեր գցել ներկա նախագահի վրա, մինչդեռ Հայաստանի նախկին նախագահը մնում է պարզապես նախկին: Այս համատեքստում Քոչարյանի քաղաքական դիրքերը թուլացել են ժամանակի ընթացքում, և նրա նախկին իշխանությունը որպես Լեռնային Ղարաբաղի նախագահ 1994-1997 թվականներին, և որպես ՀՀ նախկին նախագահ 1998-2008 թվականներին մնում է ուղղակի անցյալում», – գրում է Կիրակոսյանը: