հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Սպանված Զարուհի Պետրոսյանի հարազատները չեն բողոքարկելու դատարանի վճիռը

Սպանված Զարուհի Պետրոսյանի հարազատները չեն բողոքարկելու դատարանի վճիռը

20-ամյա Զարուհի Պետրոսյանի հարազատները չեն պատրաստվում բողոքարկել երեկ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, համաձայն որի կնոջը ծեծելու միջոցով սպանած  Յանիս Սարկիսովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: 10 տարին նման հանցագործությունների համար նախատեսված առավելագույն չափն է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Գայանե Հարությունյանը:

Յանիս Սարկիսովին ձերբակալել էին և մեղադրանք առաջադրել 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով:

Ինչ վերաբերում է Զարուհի Պետրոսյանի 2-ամյա դստեր` Լիլիա Պետրոսյանի խնամակալությանը, ապա այն անցել է նրա սկեսրոջը:

«Զարուհու քույրը և սկեսուրը Մասիս քաղաքում դիմել էին երեխայի խնամակալությունը իրենց հանձնելու պահանջով, այն ժամանակ, երբ Զարուհու ամուսինը՝ Յանիս Սարկիսովը, դեռ չէր ճանաչել հայրությունը: Նրանց երկուսին էլ Մասիսում մերժել էին՝ բավարար կենցաղային պայմանների բացակայության հիմքերով: Սակայն ավելի ուշ Յանիսը որոշել է ճանաչել հայրությունը և լիազորագիր է ներկայացրել, որպեսզի իր մայրը խնամակալ հանդիսանա իր երեխային: Այդ ընթացքում երեխան գտնվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի մանկատանը: Եվ հանկարծ հայտնվում է Յանիսի հայրը՝  Ալեքսանդր Սարկիսովը, տուն գնում Երևան քաղաքում, և նրանք դիմում են Նորք-Մարաշ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին՝ խնամակալությունն իրենց հանձնելու պահանջով, որը և բավարարվել է», – ասել է Գայանե Հարությունյանը:

Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հետ հանդիպումից հետո է տեղեկացել, որ Յանիս Սարկիսովը մեղադրվում է կնոջ սպանության մեջ:

«Մեզ ասացին, որ ոչինչ չգիտեին այդ գործի մասին, տեղյակ չեն եղել»,-նշել է Հարությունյանը: Նա նաև հավելել է, որ իրենք նամակներով դիմել են Խնամակալության հանձնաժողովին, որպեսզի վերջինս հետևողական լինի երեխայի նկատմամբ, նրա կենսապայմանների, առողջական խնդիրների հանդեպ:

«Դիմել ենք նաև Հայաստանում երեխաների պաշտպանության ցանցին, որպեսզի նրանք էլ հետևողական լինեն երեխայի հարցով: Սակայն դեռևս ոչ մի պատասխան չենք ստացել»,- ասել է մեր զրուցակիցը: