Home / Հայաստան / Ոստիկանությունը հերքում է. Նորքի 9-րդ զանգվածում «մանյակ» չկա

Ոստիկանությունը հերքում է. Նորքի 9-րդ զանգվածում «մանյակ» չկա

Նոր Նորքի 9-րդ զանգվածում հոկտեմբերի 1-ից ի հայտ եկած մոլագարի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել են Ոստիկանության լրատվության վարչությունից:

Ավելի վաղ News.am կայքը տեղեկացրել էր, որ Նոր Նորքի  9-րդ զանգվածում վախի մթնոլորտ է տիրում. բնակիչներից շատերի պնդմամբ, իրենց վարչական շրջանում մի քանի շաբաթ է, ինչ մոլագար է հայտնվել, անգամ կան տուժածներ:

Ըստ կայքի՝ «մանյակ» կոչվածը Նոր Նորքի թիվ 120 մանկապարտեզում նախորդ ուրբաթ օրը «հարձակվել է ծնողներից մի քանիսի վրա, քաշքշել նրանց, փորձել մեկի շալվարն իջեցնել ու մարմնական վնասվածքներ հասցրել»:

Epress.am-ը զրուցել է Նոր Նորքի 8-րդ ը և 9-րդ զանգվածի մի խումբ բնակիչների հետ: Նրանց խոսքերով՝ վերջին շրջանում այս թեման ամենաշատն է շրջանառվում այս թաղամասում բնակվող մարդկանց շրջանում:

«Մենք այս մասին միայն լսել ենք, սակայն չենք ճանաչում մոլագարից տուժող որևէ մեկի: Մեր թաղամասի բնակիչներն անգամ դեմքով են իրար ճանաչում, այնպես որ դժվար թե լիներ այնպիսի աներևույթ մեկը (խոսքը մոլագարի մասին է-խմբ.), ում այս երկու ամիսների ընթացքում որևէ մեկը տեսած լիներ», – նշել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակչուհի  Լիլիթ Մարտիրոսյանը: