Home / Հայաստան / Հայաստանի իշխանությունները Լուկաշենկոյից չեն տարբերվում, բայց… ակցիա Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի իշխանությունները Լուկաշենկոյից չեն տարբերվում, բայց… ակցիա Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Հայասատանում Բելառուսի դեսպանատան դիմաց Հելսինկյան ասոցիացիան և Սոցիոսկոպ իրավապաշտպանական կազմակերպությունը անցկացրեցին բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Բելառուսի իշխանությունների կողմից 4,5 տարվա ազատազրկման դատապարտված «Վեսնա»  իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու:

Հելսինկյան ասոցիացիան ստորագրել է Human Rights House միջազգային իրավապաշտպանական ցանցի երեկ հրապարակած հայտարարությունը, որը ուղղված է Բելառուսի իշխանություններին և պահանջում է Բելյացկու անհապաղ ազատարձակումը: Ակցիայից հետո Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանելյանը հայտարարությունը հանձնեց նաև ՀՀ-ում Բելառուսի դեսպանին:

Ինչպես այլ երկրներում կազմակերպված ակցիաներում, Հայաստանում ևս Բելյացկու պաշտպանության ակցիայի մասնակիցները կրում էին «Վերջ բռնապետություններին», «Ազատություն խղճի գերիներին», «Ազատություն Ալեսին»  գրություններով պաստառներ:

«Մենք պայքարում ենք բռնապետությունների դեմ առհասարակ, ոչ միայն Բելառուսում: Մեր իշխանությունները ոչնչով չեն տարբերվում Բելառուսի իշխանություններից: Նրանցից էլ ամեն ինչ կարելի է սպասել, չեմ զարմանա, որ վաղն էլ մեր իրավապաշտպաններին հետապնդեն: Միակ տարբերությունն այն է, որ Բելառուսը գտնվում է Եվրոպայում, և նրա քաղաքակիրթ հարևանները չպետք է հանդուրժեն այնտեղ տիրող այս վիճակը»,-  ասել է Միքայել Դանիելյանը: Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ իրենց նպատակը ոչ միայն  հայտնի իրավապաշտպանին աջակցություն հայտնել էր, այլև ցույց տալը մեր իշխանություններին, թե հասարակությունն ինչպես է վերաբերվում իրավապաշտպանների քաղաքական հետապնդումներին:

Միքայել Դանիելյանի խոսքով` թեև նման փոքր ակցիան Հայաստանում չի կարող նպաստել Բելյացկու ազատարձակմանը, երբ ամբողջ Եվրոպան և ԱՄՆ-ն չեն կարողանում ազդել Լուկաշենկոյի վրա, սակայն դա չի նշանակում, որ պետք է հանդուրժել բռնապետերին, և նրանց դեմ պայքարը պետք է շարունակվի կաթիլ առ կաթիլ: