Home / Հայաստան / Ասանժը «փրկության օղակ» է ստացել բրիտանական դատարանից

Ասանժը «փրկության օղակ» է ստացել բրիտանական դատարանից

Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը շվեդական արդարադատությունից խուսափելու նոր փրկության օղակ է ստացել, գրում է The Telegraph-ը:

Ավելի վաղ Բրիտանիայի երկու դատարաններ վճռել էին, որ Ասանժին պետք է հանձնել Շվեդիային, որտեղ համապատասխան մարմինները ցանկանում են նրան դատարանի առջև կանգնեցնել երկու կանանց բռնաբարության համար:

Այսօր դատավորը չի թույլատրել Ասանժին իր գործը Գերագույն Դատարանում վիճարկելու հնարավորություն տրամադրել, սակայն նշել է, որ այս գործը «հասարակական կարևորություն ունեցող» հարց է: Այժմ 40-ամյա Ասանժը կարող է միայն խնդրել Գերագույն դատարանին ևս մեկ անգամ նայել իր գործը:

Խոսելով այս վճռի մասին` Ասանժն ասել է. «Կարծում եմ` ճիշտ  որոշում էր, և ես շնորհակալ եմ դրա համար: Դեպի արդարություն տանող իմ և ձեր երկար պայքարը շարունակվում է»:

Հիշեցնենք, որ Ասանժը ձերբակալվել էր 2010 թվականի դեկտեմբերին Շվեդիայում տրված համաեվրոպական օրդերի համաձայն:

Նշենք, որ Ասանժը շարունակում է պնդել, որ որևէ կապ չունի սեռական հանցագործությունների հետ, և որ իր հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի, այն կապված է ԱՄՆ դիվանագետների փաստթաղթերի ու նամակների գաղտնազերծումների հետ: