Home / Հայաստան / Հայաստանում ընդերքի շահույթն անհամեմատ մեծ է, քան բյուջե մտնող գումարները. բնապահպան

Հայաստանում ընդերքի շահույթն անհամեմատ մեծ է, քան բյուջե մտնող գումարները. բնապահպան

10 օր առաջ բնապահպանների Քաջարան այցի ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի`  բնապահպաններից մեկին ուղղված խոսքը՝ «Այ, ճպուռ, քիչ խոսա» արտահայտությունը շատ է զարմացրել բնապահպան Կարինե Դանիելյանին:

Epress.am-ի հետ զրույցում Դանիելյանը նշել է, որ թեև մարզպետը վիրավորում է, սակայն հոգու խորքում պետք է իմանա, որ «այդ ճպուռներիից յուրաքանչյուրը մի գանձ է, որ կարող է դուրս գալ, պայքարել ու մարզպետի հետ բանավեճի մեջ մտնել»:

Նրա կարծիքով՝ ողջունելի է նաև, երբ, ինչպես դա եղավ, օրինակ, Քաջարանի դեպքում, բնակիչներն իրենք են պայքարում իրենց իրավունքների համար ու միանում են  բնապահպաններին: Հիշեցնենք, որ քաջարանցիները դեմ են ՀՀ կառավարության որոշմանը, համաձայն որի գյուղին հարող հողատարածքները պետք է փոխանցվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:

«Քաջարանցիների, հրազդանցիների ու ծաղկաձորցիների (պայքարում են Հրազդանում երկաթի հանքի շահագործման դեմ – խմբ.) պայքարը շատ կարևոր է ու սա պետք է օրինակ լինի բոլոր նրանց համար, ովքեր ուղղակի նման դեպքերում լռում են: «Թռչկանի ջրվեժի», «Խոսրովի  արգելոցի» դեպքում հաղթանակներ ունեցանք, Սևանի առումով (լճի մակարդակի բարձրացումը, ափերի մաքրման աշխատանքները)  նույնպես հաղթանակ գրանցեցինք, սակայն սա չի ենթադրում, որ  մեր երիտասարդները ստիպված են  պետության կողմից այդ տեսակ ոտնձգությունների դեմ նման միջոցներով պայքարել», – ասել է բնապահպանը:

Դանիելյանի խոսքով՝ մեր պետությունը բռնել է արտահանման ուղղությունը և դա լավ է, բայց  եթե կարողանան իրագործել ճիշտ ձևով:

«Էքսպորտի զգալի մասը մետաղն է, մետաղական հանքանյութը:  Հիմա մենք հումքն ենք  արտահանում: Եթե դա ոչ մետաղային հանք է, մենք այդքան չենք բողոքում, չնայած  էլի բնությանը վնաս է, բայց գոնե չի թունավորվում շրջակա միջավայրը, եթե մետաղային հանք է, ապա գնում է ծանր մետաղներով թունավորում, քիմիկատներով թունավորում: Թեղուտը քանդեցին, հիմա Հանքավանն են քանդում, Հրազդանի գլխին երկաթի հանքն է կախված, ինչը վնասելու է Ծաղկաձորի տուրիզմին, վնասելու է Հրազդան գետին: Ջերմուկին էլ սպառնում է Ամուլսարի վտանգը, որտեղ ոսկի են հայտնացբերել և ուրան», – ասել է նա:

Դանիելյանի խոսքով՝ Քաջարանն այն կարևորագույն  ներուժ ունեցող տարածքն է, որն անվերջ ընդլայնվելու հնարավորություն ունի ու հիմա  այդ  ընդլայնումը պետք է  կատարվի գյուղերի հաշվին:

«Մենք հասարակական կազմակերպություններով  համատեղ նամակով  դիմեցինք ՀՀ  նախագահին ու վարչապետին՝ կոչ անելով   դադարեցնել նման գործունեությունը», – ասել է Դանիելյանը:

Նա մեջբերել է Էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարության ներկայացուցչի  խոսքը, ով  ամիսներ առաջ քննարկումներից մեկի ժամանակ ասել է.

«Հա ինչ  է եղել որ, եթե պարզվի, որ Երևանի, Սևանի տակ էլ հանք կա, հա պիտի  հանենք», – ասել է նա` չնշելով այդ մարդու անունը:

Բնապահպանի խոսքով ՝ այս գաղափարով դեռևս գնում ենք:

«Լավ է, երբ մտածում են արտահանման ծրագրի  մասին, բայց դա դեռ չի նշանակում, որ պետք է առանց ներքին շուկան ապահովելու մտածել արտահանման մասին: Արդյունքում արդեն երկրորդ տարին  է, ինչ  հայկական ծիրանն ու ոչխարի միսն  տանում են արտասահման՝ զրկելով ներքին սպառողին սրանցից օգտվելու հնարավորությունից», – նշել է նա:

Դանիելյանը վստահ է, որ ընդերքից ստացված շահույթն անհամեմատ մեծ է, քան  բյուջե  մուծվող գումարները:

«Այսօրվա գներով այնպիսի գանձեր են դուրս գալիս ընդերքից, որոնք շուկայական գներով ահռելի գումարներ են կազմում: Ընդերքի վերաբերյալ ստեղծված բոլոր օրենքները շատ  բարենպաստ, դրախտային պայմաններ են ստեղծում դրսի կազմակերպությունների համար: Ով գալիս է Հայաստան, հետաքրքրված է մեր ընդերքով, բոլորն ուզում են իմանալ, թե մեր ընդերքում ինչ կա», – ասել է նա: