Home / Հայաստան / «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն առաջարկ են արել իշխող կուսակցությանը

«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն առաջարկ են արել իշխող կուսակցությանը

Այսօր «Ժառանգություն» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունել են խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի վերջերս հայտարարած դիրքորոշումը` ազատ ու արդար ընտրությունների կազմակերպման և վերահսկման հարցում:

Կուսակցությունները Ազգային ժողովի մեծամասնությանը (Հանրապետական կուսակցությանը) առաջարկել են Ընտրական օրենսգրքում համատեղ իրականացնել մեկ կոնկրետ փոփոխություն, այն է` վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Հայտարարության հեղինակները գտնում են, որ, համաձայնելով այս քայլին, իշխանությունները ցույց կտան իրենց պատրաստակամությունն ու քաղաքական կամքը` նախընտրական շրջանում ընդդիմության հետ համատեղ երկրում ձևավորելու ներհասարակական հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտ:

Երկու կուսակցությունները հայտարարության վերջում կոչ են արել բոլոր քաղաքական ուժերին պաշտպանել այս նախաձեռնությունը: