Այսօր վաղ առավոտից ճերմակ դրոշներով ու պաստառներով Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում էին հավաքվել Արամի, Բուզանդ, Եկմալյան, Սարյան փողոցների խաբված բնակարանատերերը, որպեսզի կարողանան իրենց բողոքի նամակը հանձնել աշխատանքի ժամանող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Երեկվա նմանատիպ անհաջող փորձից հետո այսօր ավելի պատրաստված ենք եկել: Այսօր անձրևանոցներին ամրացրած սպիտակ դրոշները միգուցե ուշադրություն գրավեն ու նախագահը նկատի մեզ», – Epress.am-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից Սոնա Մաղաքյանը:
Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը տեսնելով՝ բողոքի ակցիայի մասնակիցները օդում պարզած թափահարել են նամակը, պաստառներն ու ճերմակ դրոշները, վանկարկելով՝ «նախագահ, պատասխան»: Ինչպես և երեկ, ավտոշարասյունն առանց կանգնելու անցել է:
Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին է մոտեցել ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանն ու հորդորել իրեն հանձնել նամակը, սակայն բնակարանատերերը մերժել են:
«Ոչ մի դեպքում, մենք որևէ մեկի չենք վստահում ու չենք ուզում միջնորդավորված նամակ հանձնել: Արդեն որերորդ նամակն ենք հանձնել ու ոչ մի պատասխան գրավոր կամ բանավոր չենք ստացել: Եթե այսօր Աբելյանը (Արմեն Աբելյան ՀՀ նախագահի օգնական-խմբ.) նեղություն կքաշի ու կիջնի, ապա նամակը կհանձնեմ նրան», – ասել է Սոնա Մաղաքյանը:
Նշենք, որ երեկ բողոքողները հրաժարվել են նամակը փոխանցելԱրմեն Աբելյանին:
Ավելի ուշ բնակարանատերերը Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից տեղափոխվել են նախագահական նստավայրի դիմացի մայթ՝ շարունակելու իրենց ակցիան: Նրանց մոտեցել է Արմեն Աբելյանը և զրուցել ակցիայի մասնակիցների հետ:
Բնակարանատերերն իրենց խնդիրներն են ներկայացրել և խնդրել նամակն անձամբ փոխանցել Սերժ Սարգսյանին: Աբելյանի խոսքով՝ նախագահը տեղյակ է նրանց խնդրի մասին ու հրահանգել է Վերահսկողության բաժնին զբաղվել դրա լուծմամբ:
Բնակիչներն առարկել են ու հանդիպում պահանջել՝ հանգիստ ու հանգամանորեն իրենց հարցը ներկայացնելու համար, սակայն Աբելյանը հավաստիացրել է, որ նախագահի Վերահսկողության բաժնից մոտ օրերին բնակիչներին անպայման կկանչեն հանդիպման:
Հիշեցնենք, որ 2006 թվականին բնակիչները դուրս են եկել իրենց տներից, որոնք հետագայում քանդել են, և դրանց փոխարեն կառուցվել են նոր բազմաբնակարանային շենքեր: 2006 թվականին «Գապբնակշին» ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը պայմանագիր է կնքել իրենց հետ շենքը պատրաստ լինելուց հետո բնակարանով ապահովելու պայմանով, սակայն բնակարանները մինչ օրս չեն ստացել, դրանք վերավաճառվել են երրորդ անձանց: Դեպքի առնչությամբ անցյալ տարվա վերջին քրեական գործ են հարուցել, Պապոյանը փախուստի է դիմել: Բնակիչները Epress.am-ին պատմել են, որ ՀՔԾ-ում իրենց ասել են, թե գործը կարող է ամիսներ տևել, քանի որ դեպքերի առնչությամբ հարյուրավոր անձանց պետք է հարցաքննել: