Home / Հայաստան / «Հակաօրինական է». քաղաքապետարանից պահանջում են դադարեցնել շինարարությունն այգում

«Հակաօրինական է». քաղաքապետարանից պահանջում են դադարեցնել շինարարությունն այգում

Վերջին օրերին Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում գտնվող այգում իրականացվող ապօրինի շինարարության շուրջ բարձրացած բողոքին ի պատասխան` Երևանի քաղաքապետարանը պաշտոնական պարզաբանում է տարածել, որի մեջ ասվում է, թե քաղաքապետարանը «Երևանի Կենտրոնի գոտևորման նախագծին» համապատասխան կառուցապատման աշխատանքներ է կատարում պողոտայի նշյալ հատվածում:

Նշենք, որ այգում տեղադրվել են Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակները, որոնք զբաղվում էին հագուստի վաճառքով:

Անդրադառնալով քաղաքապետարանի պատասխանին` «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը և «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել` արձանագրելով, որ իրականում Երևանի քաղաքապետարանը հիշյալ կառուցապատումը չի իրականացնում Երևանի գլխավոր հատակագծին և Կենտրոնի գոտևորման նախագծին համապատասխան: Նշված փաստաթղթերի համաձայն, այդ տարածքը կանաչ գոտի է, որում սպասարկման որևէ օբյեկտի կառուցումը ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում է այն պատճառով, որ դա չի համապատասխանում տարածքի նպատակային և գործառնական նշանակությանը:

«ՀՀ օրենդրության խախտմամբ իրականացվող որևէ շինարարական նախագիծ քննարկման անգամ ենթակա չէ: Ուստի ևս մեկ անգամ պահանջում ենք քաղաքապետարանից դադարեցնել տարածքում իրականացվող շինարարությունը և ապամոնտաժել նշյալ կառույցները:

Տեղեկացնում ենք նաև, որ կառուցապատումն իրականացվում է առանց համապատասխան փաստաթղթերի, շինհրապարակում շինարարության մասին իրազեկող որևէ ցուցանակ չկա, ինչը ևս իրավական խախտում է: Հետևաբար, մենք դիմել ենք Երևանի քաղաքապետարան` ձեռք բերելու շինարարությունը հիմնավորող բոլոր փաստաթղթերը, որոնք, օրենքի համաձայն, մեզ պետք է տրամադրվեն 5 օրվա ընթացքում: Փաստաթղթերը ձեռք բերելուն պես մենք կհանրայնացնենք դրանք:

Մեր խորին համոզմամբ` ընդհանուր օգտագործման տարածքը մասնավոր բիզնեսի տեղը չէ, և մենք հետևողական ենք լինելու զբոսայգին կրպակներից ազատելու և հանրությանը վերադարձնելու հարցում»,- ասված է նախաձեռնությունների տարածած հայտարարության մեջ: