Home / Հայաստան / Կարող է` Օսկանյանը ՀՀԿ է ուզում մտնել. ԲՀԿ-ական պատգամավոր

Կարող է` Օսկանյանը ՀՀԿ է ուզում մտնել. ԲՀԿ-ական պատգամավոր

Վարդան Օսկանյանը Հայաստանի համար շատ պրոֆեսիոնալ անձնավորություն է, նա տարբեր ոլորտներում աշխատանքի տարիների փորձ ունի, ուստի եթե ցանկություն ունի մասնակցել ընտրական պրոցեսներին, նա դրա իրավունքը ունի: Այս մասին լրագրողների հանդիպման ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով երկու օր առաջ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` քաղաքականություն մտնելու մասին հայտարարությանը: Հիշեցնենք, որ նախկին արտգործնախարարը հայտարարության մեջ չէր բացառել իր համագործակցությունը ԲՀԿ-ի հետ, սակայն իր վերջնական որոշումը չէր բարձրաձայնել:

Բոստանջյանը նշել է, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում  Օսկանյանի` ԲՀԿ-ի ցուցակում ընդգրկվելու հարցը կուսակցությունը դեռ չի քննարկել:

«Օսկանյանը ասել է` դեռ փնտրտուքների մեջ է, կարող է ՀՀԿ-ի մե՞ջ է ուզում մտնել», – հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավորը:Բանախոսը հրաժարվել է մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ԲՀԿ-ի ցուցակում հայնտնվելու մասին շրջանառվող լուրերը` խորհուրդ տալով այդ մասին ճշտել հենց երկրորդ նախագահից: Epress.am-ը զանգահարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, ով հրաժարվել է մեկնաբանել այդ լուրերը:

Վարդան Բոստանջյանը նաև նշել է, որ ԲՀԿ-ն արդեն սկսել է պատրաստվել ընտրություններին. շուտով ստեղծվելու է նախընտրական պլատֆորմ, որ թույլ կտա  ավելի սերտ կապ  հաստատել ընտրողների հետ: